Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական պարային խմբերը շատ ընկճված էին». Հասմիկ Էլիզբարյան

Հուլիս 11,2013 16:13

«Այս տարի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Եվրոֆոլկի Եվրոպայի առաջնությանը, Հայաստանը ներկայացնող երիտասարդներն արժանացան ոսկե մեդալի: Սա մեր 2-րդ մասնակցությունն էր այս փառատոնին»,-այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Gold Stars» պարային համույթի գործադիր տնօրեն Հասմիկ Էլիզբարյանը, հավելելով, որ առաջնությունը դեռ չի ավարտվել և հուլիսի 14-ին պարզ կդառնա «Գրան պրի» մրցանակակիրը, որը կընտրվի ոսկե մեդալ ստացած խմբերից: «Նախորդ տարի Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացավ բրազիլական խումբը և մենք չնեղվեցինք դրանից, քանի որ իրենք իսկապես լավն էին, իսկ մենք կրկին արժանացանք ոսկե մեդալի»,-ասաց Էլիզբարյանը:

Վերջինիս խոսքով` ոսկե մեդալի արժանացած մասնակիցներից ժյուրին կընտրի հաղթող մասնակցին` «Գրան պրի» մրցանակը ուղարկելով այդ երկրի Մշակույթի նախարարություն:

Հայկական ֆոլկլոր բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Գալստյանի պնդմամբ` Հայաստանից միայն մեկ պարային խմբի մասնակցությունը պայմանավորված է ֆինանսի բացակայությամբ. «Ֆինանսական վիճակը սուղ է, սա է պատճառը, որ մեր մոտից ներկայացել է մեկ խումբ, ի տարբերություն Թուրքիայի, որտեղից ներկայացված էին երեք պարային խմբեր»:

Էլիզբարյանն էլ հավելեց, որ Հայաստանում բացի պետական խմբերից, ոչ մի այլ խումբ չի հովանավորվում: Բոլորը ինքնաֆինանսավորման հենքի վրա են գտնվում, այնուհետև հպարտորեն նշելով, որ մեր պարային խումբը լավագույններից էր. «Թուրքական պարային խմբերը շատ ընկճված էին: Մեր տարազները շատ գեղեցիկ էին և բոլորը ցանկություն էին հայտնում մեր երեխաների հետ լուսանկարվել»:

Նա նշեց նաև, որ ժյուրիի կազմը բաղկացած է եղել 4 հոգուց, որից մեկը թուրք էր, սակայն դա չի խանգարել, որպեսզի մենք նվաճենք ոսկե մեդալ. «Յուրաքանչյուր խմբին տրվում է տասնհինգ րոպե ժամանակ , որի ընթացքում մենք ներկայացրել ենք չորս պարային համարներ, իսկ ծափահարությունները վկայում էին այն մասին, որ ամենաբուռն խումբը մերն էր, և եթե թուրք ժյուրիի անդամը որոշեց, որ պետք է ոսկե մեդալ հանձնվի, ուրեմն իսկապես լավն ենք եղել»,-ընդգծեց Էլիզբարյանը:

Բանախոսները կարծում են, որ բոլոր այն խմբերը, որոնք Հայաստանից դուրս ներկայացնում են մեր մշակույթը, պետք է ֆինանսական օժանդակություն ստանան. «Մենք միշտ մեկնել ենք մեր ֆինանսներով, և սա առաջին անգամն էր, որ ստացել ենք ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք»,-ասաց Սամվել Գալստյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031