Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանը Բակո Սահակյանին խորհուրդ է տվել փողերը ծախսել ոչ թե «ասֆալտ սարքելու» վրա, այլ՝ «երեխա սարքելու»

Հուլիս 11,2013 16:04

«Եթե 80-ականներին մեր հետազոտություններով երիտասարդ ընտանիքը գյուղերում պլանավորում էր ունենալ 2-3 երեխա, շատերն էլ ունենում էին 4-ը, իսկ քաղաքում պլանավորում էին 1-2 երեխա, շատերն ունենում էին 3-ը, ապա հիմա եւ գյուղերում եւ քաղաքում հավասարապես ունենում են 1-3 երեխա՝ ոչ ավելին»,-այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում տվյալներով ներկայումս Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքին կամ յուրաքանչյուր կնոջը 1,9 երեխա է բաժին ընկնում:

Ակումբի մյուս հյուրը՝ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նկատեց, որ իրականում մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների քանակը շատ ավելի փոքր է Հայաստանում՝ 1,4-1,5, այնինչ ազգի բնական աճն ապահովելու համար հարկավոր է 2-ից ավելին:

Սակայն պարոն Եգանյանը հիմնական շեշտը դնում էր մարդկային ներուժի արտահոսքի վրա. «Չեմ կարծում, թե ծնելիության խթանումը այս պահին կարող է որեւէ ազդեցություն ունենալ մեր երկրի վրա: Վերջին քսան տարում երկու անգամ նվազել է մահացությունը, նույնքանով նվազել է նաեւ ամուսնությունների թիվը: 1970-80 թվականներին մեր ժողովրդագրական իրադրությունը շատ բարենպաստ էր, կայունացել էր, եւ քսան տարի շարունակ էական փոփոխություններ չէին լինում: Ձեւավորվել էր երկու-երեք երեխայով ընտանիքի մոդելը, մենք կարողանում էինք խուսափել բնակչության եւ թերարտադրությունից եւ գերարտադրությունից: Թվում էր, թե իրավիճակը փոխվելու որեւէ միտում, ազդակ չկար: Բայց դա փոխվեց արմատապես, եւ փոխվեց այն պատճառով, որ արմատապես փոխվեց մեր երկրի սոցիալ-տնտեսական-քաղաքական իրավիճակը: Մարդիկ այժմ չեն ցանկանում ամուսնանալ կամ ամուսնանում են շատ ուշ, քանի որ վստահ չեն վաղվա օրվա վրա, չունեն որեւէ երաշխիք, չունեն վստահություն, չկա կայունություն: Տղաների ամուսնական միջին տարիքը 24-ից հասել է 30-ի, աղջիկներինը՝ 20-ից հասել է 24-ի»: Նա նորից վստահեցրեց, որ չի կարող, առանց երկրում իրավիճակի շտկման, աճել ծնելիությունը. «Եթե մենք ծնվող երեխաներին չապահովենք աշխատանքով եւ ապագայով, նրանք կթողնեն կգնան: Հիվանդ օրգանիզմում որեւէ օրգան առանձին առողջացնելն անիմաստ է, եթե նույնիսկ դա հաջողվի»:

Ի հակադրումն՝ Ահարոն Ադիբեկյանը բերեց Արցախի օրինակը: «Բակո Սահակյանին ասեցի՝ տարեկան տասնյակ միլիոն դոլարներ են բերում, ասֆալտ սարքելու տեղը՝ տուր, թող երեխա սարքեն: Տենց էլ արեցին, գումարներ էին տալիս երեխա ունենալու համար, բնակարան էին տալիս, ծնելիությունը 5000-ով ավելացավ»,-ասաց Ադիբեկյանը: Եգանյանը կրկին հակադարձեց՝ «բայց եթե այդ երեխան մեծանա եւ ասֆալտ չլինի՝ կթողնի կգնա….»:

Նա ասում էր, որ պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի արտագաղթը կանգնեցնելու համար, իսկ Ադիբեկյանը հիշեց Ադամին եւ Եվային, որոնք անգամ դրախտում բավարարվեցին երկու երեխայով:

Նա նաեւ առաջարկում էր, որ բիզնեսմենները այնքան բանական լինեն, որ իրենց եկամուտները ոչ թե հերթական ավտոմեքենայի վրա ծախսեն, այլ՝ աշխատողների աշխատավարձերը բարձրացնեն, որպեսզի վերջիններս կարողանան երեխաներ ունենալ, որոնք վաղը մյուս օրը այդ բիզնեսմենի համար սպառողներ կդառնան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031