Վերջերս լույս է տեսել գիրք՝ «Ինչ է գրվել Իրանում Հայոց ցեղասպանության տարիներին»: Հեղինակն է՝ քիմիկոս (ինչպես ինքն է նշել, իր կենսագրականում) Արմինե Կարապետյեան-Կունդակջեանը: Գիրքը պատմում է 20-րդ դարի սկզբում Իրանի թերթերում տպագրված նյութերի մասին, որոնք ժամանակին լուսաբանել են Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ փաստերը: Պարսկերենով տպագրված բնագրերը գրքում ներկայացվում են թարգմանված հայերեն ու անգլերեն: Ներկայացված են նաև պարսիկ ականատեսների ու պատմագիրների վկայությունները այդ դժնդակ եղելության մասին:
Թերևս այս պատկերացումները պետք է կազմես գիրքը ընթերցելիս, բայց հրապարակումներն ունեն բազմաթիվ սխալներ, ու բացթողումներ: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը արտահայտեց պատմաբան, հրապարակախոս Գեւորգ Յազըճյանը: Բանախոսը առանձին թերթիկի վրա նշել էր այն բոլոր կոպիտ սխալները, որոնք խեղաթյուրում են իրական փաստերը: Իսկ գրքի հեղինակին հեղինակ չի համարում. «Արդեն 40 օր է լույս է տեսել գիրքը, ես սպասում եմ, որ արձագանք լինի Հայաստանի հայագիտական կենտրոնների կողմից, մասնավորապես՝ Պատմության ինստիտուտի, Հայոց ցեղասպանության ինստիտուտի կողմից»: Գրքում կան մուտքագրման , լեզվական, շարադրական, ուղղագրական սխալներ:
Փաստագրական սխալներից պատմաբանը առանձնացրեց, որ գրքում ներկայացված է սխալ մարդաքանակ. պարսկերենով 70.000 է գրված, իսկ հայերեն թարգմանության մեջ թիվը դարձել է 700.000 մարդ, այնինչ Կիլիկիան Հայաստանը այդքան բնակչություն երբևէ չի ունեցել. «Հիմա սա կարող են թուրքերը վերցնել և ասել, որ Հայաստանի Հանրապետությունում լույս են տեսնում գրքեր, որտեղ բացահայտ խեղաթյուրում են փաստերը»: Բանախոսը փաստում է, որ թուրքերը շատ ուշադիր են լինում նման գրքերի ու անգամ հրապարակումների հարցում:
Գեւորգ Յազըճյանը երբևէ չի փորձել կապ հաստատել Արմինե Կարապետյեան-Կունդակջեանի հետ, ինչպես ինքն է նշում , անիմաստ է համարում:
Կարդացեք նաև
Aravot.am –ը փորձեց կապվել գրքի հեղինակի հետ, բայց ապարդյուն, տիկին Արմինեն Հայաստանում չէր:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ