Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը՝ երիտասարդ աղջիկներին. «Շատ երեխաներ ունեցեք, որ չբաժանվեք»

Հուլիս 11,2013 14:42

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ բարեկեցությունը կապ չունի ծնելիության հետ: «Հայրենական  մեծ պատերազմից հետո Հայաստանը ՍՍՀՄ երկրների մեջ ամենաբարձր ծնելիությունը ուներ, եւ մարդիկ ամենեւին բարեկեցիկ չէին ապրում»,- ասաց նա՝ հակադարձելով ժողովրդագիր Ռուբեն Եգանյանին, ով պնդում էր, որ Հայաստանի հասարակա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակն է դարձել ազգաբնակչության թվի կտրուկ անկման պատճառ: Այս բանավեճն այսօր տեղի էր ունենում «Ուրբաթ» ակումբում՝ ազգաբնակչության համաշխարհային օրվա առիթով:

Պարոն Եգանյանը նշեց, որ ինքը միայն բարեկեցությունը նկատի չունի, ի վերջո, աշխարհի շատ բարեկեցիկ երկրներում քիչ երեխա են ունենում, խնդիրը երկրի ընդհանուր իրավիճակն է:

Պարոն Ադիբեկյանը ծնելիության նվազման շեշտը դնում էր այլ գործոնների վրա՝ ընտանիքի կազմման սխեման չի դրված մեր ընտանիքներում: Ըստ սոցիոլոգի՝ մայրերը հիմա աղջիկներին սխալ են խրատում, չեն ասում, որ բալիկ ջան, պետք է չորս երեխա ունենաս, երկու տղա, երկու աղջիկ, քանի որ քրոջը քույր է պետք, եղբորը՝ եղբայր, այլ ասում են՝ քեզ պե՞տք է երեխա ունենաս, ընկնես կրակը… Մեկ այլ հանգամանք էլ շեշտեց. «Մայրերը, ապահարզանից վախենալով, քիչ երեխա են ունենում, իսկ քիչ երեխա ունենալով՝ ապահարզանի ռիսկը մեծանում է»,- ապա ասուլիսին ներկա լրագրողուհիներին խորհուրդ տվեց՝ «Որ ամուսնանաք, գոնե երեք երեխա ունեցեք, որ չբաժանվեք»:

Սոցիոլոգի այս «տատական մեթոդներին» համամիտ չէր ժողովրդագիրը: Պարոն Եգանյանը պնդում էր, որ մինչեւ չլուծվեն երկրի առաջ ծառացած քաղաքական, հասարակական, տնտեսական, բարոյահոգեբանական եւ սոցիալական խնդիրները՝ ծնելիության աճ չի նկատվի: Եթե ինչ-ինչ պատճառներով էլ հանկարծ ծնելիությունը մեծանա, վտանգը մեծ է, որ մենք երեխաներ կունենանք՝ արտասահմանի համար, որ վաղը մյուս օրը թողնեն գնան երկրից, որտեղ իրենց ապագան անորոշ է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031