Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի գյուղապետերը հերթով խոպան են գնում

Հուլիս 11,2013 14:17

Դեռեւս մեկ ամիս առաջ   Շիրակի մարզում ցնցման մեջ էին այն փաստից, որ Բայանդուր գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Հովակիմ Սարգսյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել  ու վերցնելով իր ընտանիքը՝ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Իհարկե, գյուղապետը ձեւակերպել էր, որ հիվանդ է, գնում է բուժզննման՝ արտերկիր: Սակայն իրականում, ունենալով ուսանող որդիներ, այլեւս չէր կարողացել բավարարել նրանց սոցիալական կարիքները, ընդամենը  120 հազար դրամ աշխատավարձ էր ստանում ու այդ պատճառով էլ լքել էր հայրենիքը: Ի տարբերություն Բայանդուրի գյուղապետի՝ դիմում ներկայացնելիս շատ ավելի ազնիվ էր գտնվել Ախուրյանի տարածքի աղքատ ճանաչված գյուղերից մեկի՝ Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վարադյանը (լուսանկարում): Նա համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացրել  հետեւյալ բովանդակությամբ դիմում. «Ելնելով ընտանիքիս սոցիալական վիճակից՝ հրաժարականի դիմում  եմ ներկայացնում, բայց շարունակելու եմ բնակվել գյուղում, հարաբերվել համագյուղացիների հետ, պարզապես հրաժարվում եմ գյուղապետի պաշտոնից»: Իհարկե, գյուղապետը սա գրելուն պես՝ հեռացել էր Հայաստանից: Կառավարությունը դեռ  չի հաստատել  Գագիկ Վարադյանի հրաժարականի դիմումը: Իսկ թե ի՞նչը կարող էր դիմումի պատճառ դառնալ՝ գյուղապետի 90 հազար դրամ աշխատավա՞րձը, թե՞ ընդդիմադիր լինելն ու որոշակի խնդիրների մեջ հայտնվելը, այս հարցերի շուրջ փորձեցինք  պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից:

Նշենք, որ մարզպետարանի  գրեթե բոլոր պաշտոնյաները միաբերան փաստեցին,  որ ՀԱԿ անդամ գյուղապետը ջերմ հարաբերությունների մեջ էր մարզպետարանցիների հետ, որեւէ խնդիր չի ունեցել: Կարլեն Աբրահամյանի պատմելով՝ նա դեռեւս մի քանի  տարի առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել մարզպետարան, սակայն համոզել են, որ հետ կանգնի իր մտքից, քանի որ համապատասխան թեկնածուներ չկան: «Անկախ նրանից՝  ինքը ՀԱԿ անդամ է, ՀՀՇ է, թե ՀՀԿ, մեզ հետ աշխատել է որպես գյուղապետ, որեւէ խնդիր չի ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ, հաշտ-համերաշխ է աշխատել, միշտ ժպտալով է հեռացել, նույնիսկ  մարզպետարան մտնելով՝ միշտ կատակով ասում էր՝ գնամ, մի հատ մերոնց տեսնեմ, գամ: Մենք բոլորս բարյացակամ ենք եղել նրա նկատմամբ: Ես նրան հարգում եմ, ինքը նաեւ կրթված անձ է, գրագետ  մեղվապահ: Միշտ ասում էր՝ թողեք գնամ մեղվապահությամբ զբաղվեմ: Ինձ համար անակնկալ էր,  որ նա, պաշտոնից հրաժարվելով, պիտի գնար Հայաստանից»,- ասաց Կարլեն Աբրահամյանը:

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նաեւ փոխանցեց, որ Գագիկ Վարադյանը 12 տարվա գյուղապետ է, 4 անգամ ընտրվել է, առաջին անգամ՝ 2001 թվականին: Սակայն նշենք, որ այդ նույն գյուղապետը անընդմեջ լրատվամիջոցներով, այդ թվում նաեւ մեր օրաթերթով բողոքում էր, որ գյուղը խեղդվում է խնդիրներից, սակայն կառավարությունը տեր չի կանգնում: Ամենայն  հավանականութամբ, այս դեպքում էլ գյուղապետին  նեղել է այն փաստը, որ աղքատ բյուջե ունենալու պատճառով  ոչ մի նորմալ գործ չի կարողանում անել գյուղացիների համար:

Գյուղը սակավաբնակ է, ունի ընդամենը 36 ընտրող, ոտքից գլուխ 56 մարդ են գրանցված, որոնց  կեսն էլ դրսերում են: Դպրոցը միայն տարրական դասարան ունի,  երեխաները կրթությունը շարունակում են  հարեւան  Հացիկում: Գյուղապետը երկար ժամանակ պատերազմում էր, կառավարությանը նամակներ էր գրում, որ գոնե այդ մանկահասակ երեխաներին մի ավտոբուս տրամադրեն,  ոտքով  Հացիկ չհասնեն,  նաեւ փափագում էր, որ իր գյուղացիներին էլ մարդատեղ դնեն  ու  գյուղատնտեսական տեխնիկա, կոմբայն կամ գյուղատնտեսական էժան վարկեր տրամադրեն: Գյուղապետին կառավարությունում այդպես էլ լսող չեղավ, նրա դիմումները մնացին անպատասխան, հետեւաբար նա եւս  հիասթափված հեռացավ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031