Ավտոկայանատեղիի կտրոն ձեռք բերած վարորդները ստիպված չեն լինի «կտրոնը ձեռներին ման գալ»
Հուլիսի 1-ից մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիի ծառայություն է մատուցում «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը: Չնայած առայժմ վճարովի են մի քանի կենտրոնական փողոցների կարմիր գծանշումով առանձնացրած ավտոկայանատեղիներ, սակայն, ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներն են տեղեկացնում, մոտ ապագայում դրանց թիվը կշատանա: Վճարովի ավտոկայանատեղիի ծառայությունից արդեն օգտվող վարորդների մոտ մի շարք հարցեր են առաջացել: Ընկերությունը մեկ ժամ կայանելու համար 100 դրամ է պահանջում, մեկ օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ: Մեկ տարվա համար էլ, եթե միանգամից վճարեն, ապա սահմանված է 12 հազար դրամ գումար:
Օրինակ՝ վարորդները չգիտեն՝ որտեղ պետք է մուծեն այդ գումարները: «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրինությունն ասում է, որ կարող են վճարումները կատարել նաեւ տերմինալներից, սակայն հարց է առաջանում՝ արդյոք բոլոր տերմինալներում կա՞ն ավտոկայանատեղիի վճարումների համար նախատեսված «կոճակը», կամ սպառողը ինչպես պետք է ապացուցի, որ ինքը, ասենք՝ 1 տարի ծառայությունից օգտվելու իրավունք ունի. «Ի՞նչ պետք է անենք, կտրոնը ձեռներիս մա՞ն գանք, որ ավտոկայանատեղիի հերթապահին ցույց տանք»: Վարորդներին նաեւ հետաքրքրում էր, թե կարո՞ղ են բանկերում կամ բջջային օպերատորների սպասարկման կենտրոններում վճարել եւ ծառայությունից օգտվելու իրավունք ձեռք բերել:
Վարորդների հարցերին ի պատասխան՝ «Առավոտի» հետ զրույցում «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն ասաց. «Տերմինալների մենյուի մեջ կա համապատասխան տեղ, որտեղ նշված է ավտոկայանատեղիի վճարում: Այսօրվանից սկսած՝ դա կլինի առաջին էջի վրա, որ ավելի մատչելի լինի հասարակությանը վճարումներ կատարելու համար, ու տվյալ կոճակը սեղմելուց հետո այնտեղ կբացվի մենյու՝ 1 ժամվա համար, մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա համար եւ մեկ տարվա: Ինչպես նաեւ առանձնացված տեղ կա տուգանքների վճարման համար, որը կգործի հաջորդ ամսվա մեկից»: Մեր հարցին, թե վարորդն այդ կտրոնը պետք է ձեռքին մա՞ն գա, որ կայանատեղիի հերթապահին ցույց տա, պարոն Հարությունյանն ասաց. «Նախ ասեմ, որ ձեզ ոչ ոք ոչ մոտենալու է, ոչ էլ մուծման մասով կտրոն է պահանջելու: Ցանկացած վճարման ժամանակ նշում եք տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լատինատառ, առանց միջակայքի, վճարում կատարելու դեպքում մեր համակարգը ստանում է տվյալ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը եւ նրա մուծած գումարի չափը, եւ մեր համակարգում այդ ամենը երեւում է, ոչ ոք ոչ կգա, ոչ կպահանջի՝ մուծել եք, չեք մուծել, ոչ փակցնելու եք այդ կտրոնն ինչ-որ տեղ, նման բաներ չկան, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը որ ֆիքսվեց, 5 րոպեից ավելի կայանելու դեպքում սկսվում է համեմատվել վճարման բազայի հետ, որտեղ արդեն ձեր պետհամարանիշը կա, իսկ եթե դուք ընտրել եք տարեկան կտրվածքով վճարումը՝ տվյալ տարվա համար, ցանկացած տեղ ինչքան ուզում եք՝ կարող եք կանգնել, որտեղ կա կարմիր գծանշում»:
Կարդացեք նաև
Վարորդների այն հարցերին էլ, թե կարո՞ղ են վճարումները կատարել բջջային օպերատորների սպասարկման կենտրոններում եւ բանկերում, ընկերության տնօրենն ասաց. «Քաղաքապետարանի հաշվեհամարը տեղեկատվական ցուցանակների վրա նշված է, որոնք որ տեղադրված են փողոցներում եւ շարունակում են տեղադրվել: Այս հաշվեհամարով կարող եք մոտենալ բանկ, չնայած որ շրջաբերականով Կենտրոնական բանկը բոլոր բանկերին ծանուցել է, որ նմանատիպ գործարքներ կատարեն, եւ վճարումը կատարեք՝ նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը: Իսկ ինչ վերաբերում է բջջային օպերատորի սպասարկման սրահներում վճարում կատարելուն, ապա ներկա պահին դրանք չկան, բայց մոտ օրերս կլինեն, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում կոնկրետ ՎիվաՍելլի հետ»:
Նշենք նաեւ, որ վճարում կարող են կատարել բջջային հեռախոսից՝ sms հաղորդագրությամբ ուղարկելով ավտոմեքենայի պետհամարանիշը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ