Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդը» նոր շունչ կստանա
Օպերաների հրապարակային բեմադրությունները վաղուց ի վեր ընդունված են աշխարհում: Նույնիսկ ամրոցներում ու բերդերում անցկացվում են օպերային արվեստի փառատոներ: Զվարթնոցի ավերակների վրա 1990-ականներին ներկայացվեց Ազգային օպերային թատրոնի երկու բեմադրություն՝ Տիգրանյանի «Անուշն» ու Դոնիցետիի «Պողիկտոսը»: Ի դեպ, ժամանակին օպերային թատրոնն իր «Պողիկտոսով» հանդես եկավ Իսպանիայի Ներիդա քաղաքի ամֆիթատրոնում:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների, Արցախի հինավուրց բերդաքաղաք Շուշիի ռեալական ուսումնարանի (լուսանկարում) տարածքում աշնանը կներկայացվի Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան: Առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում 1957թ. հիշյալ օպերային ներկայացումը իրականացրել են բեմադրիչ Վավիկ Վարդանյանն ու դիրիժոր Յուրի Դավթյանը: Շուրջ 4 տարի անց, դարձյալ Յուրի Դավթյանը՝ իբրեւ բեմադրող դիրիժոր, անդրադարձել է այս օպերային, անվանի բեմադրիչ Եվգենի Չանգայի հետ: Ներկայացումը «ապրել» է մինչեւ 1980-ականների կեսերը: Նշենք, որ այս ներկայացման առաջին բեմադրության մեջ են փայլել օպերային արվեստի երախտավորներ Տաթեւիկ Սազանդարյանը, Աիդա Դումանյանը, Միհրան Երկաթը, Նար Հովհաննիսյանը, Դավիթ Պողոսյանը, Ելենա Միքայելյանը, Մարիա Չմշկյանը եւ մյուսները:
«Առավոտը» հանդիպեց Շուշիում «Արծվաբերդի» բեմադրության նախագծի գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ռեալական ուսումնարանի տարածքում օպերան կներկայացվի ԼՂՀ անկախության տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին: Ներկայացման մեջ ընդգրկված են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Արցախի պետական երկու երգչախմբերը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, բեմադրիչն է Ժիրայր Դադասյանը, խորեոգրաֆը՝ Արա Ասատուրյանը, նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը, մեներգիչները Երեւանի օպերային թատրոնից են ու Արցախից, խորհրդատուն Յուրի Դավթյանն է, իսկ ներկայացումը կվարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «21 տարի առաջ Շուշին ազատագրվեց ադրբեջանական 71-ամյա գերությունից: Այս հաղթանակն ունեցավ նաեւ համահայկական խոշոր նշանակություն, ինչն էլ ալեկոծեց հողագնդով մեկ ցրված ողջ հայությանը: «Արծվաբերդի» գործողությունները տեղի են ունենում ամրոցում, որը համահունչ է Շուշի բերդաքաղաքի պատմական իրողության հետ: Շուշին, որ հայտնի էր իր մելիքների իշխանությամբ, օպերայի լիբրետոյում մելիք Ռուբենի գլխավորությամբ ժողո
Կարդացեք նաև
վրդին տանում է դեպի հաղթանակ: Կարճ ասած՝ նոր լիբրետոյում էլ չարի ու բարի ուժերի պայքարն է, ինչն էլ ավարտվում է բարու հաղթանակով»,- նշեց տիկին Ավթանդիլյանը, հավելելով, որ այս նախագիծը նվիրված է հեղինակի՝ Անդրեյ Բաբաեւի ծննդյան 90-ամյակին, որը ծնունդով Արցախից է, սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, ապա ավարտել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ անվանի պրոֆեսոր Յուրի Շապորինի դասարանը: Օպերայի բեմադրությունն էլ իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: «Թեեւ օպերան բեմադրվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնուամենայնիվ հեղինակը երազել է այն տեսնել նաեւ իր ծննդավայրում»,- նշեց նախագծի հեղինակը:
Մեր դիտարկումը, թե իր ամուսինն էլ մահկանացուն կնքել է Շուշիում՝ 1992-ին, տիկին Ավթանդիլյանին հուզեց արտասվելու աստիճան: «Շուշիի հաղթանակը համաշխարհային հասարակայնության համար նույնպես բացահայտել է արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը: Ազատագրական մարտերում հայկական կողմն ունեցավ 57 զոհ, թշնամին՝ մոտ 300 սպանված, 700 վիրավոր ու 13 գերի: Օպերայի վերջում վերականգնվում է Արծվաբերդ ամրոցի անդորրը եւ կանացի հեռավոր ձայները կարծես ձուլվում են նոր օրվա լույսերում… Հատկանշական է, որ թեեւ Շուշին ունի հարուստ պատմություն, այդուհանդերձ, նրա անվան հետ կապված հիմնական խորհուրդը ծնվել է ոչ թե հեռավոր անցյալում, այլ մեր օրերում: Ամեն հայի համար Շուշի բառի հիմնական իմաստը դարձել է մեկ բառ՝ հաղթանակ»,- հայտնեց Սարինե Ավթանդիլյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ hetq.am-ի
«Առավոտ» օրաթերթ