Երեւանի Կամերային երաժշտության տանը կայացավ մեր հասարակայնությանը քաջ հայտնի Հայկ Բոյաջյանի (ԱՄՆ) հոբելյանական համերգը: Նախաձեռնությունը, ինչպես միշտ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանինն էր: Վերջինս հայ ունկնդրին հետեւողականորեն ծանոթացնում է ամերիկյան եւ ամերիկահայ կոմպոզիտորների հետ: Անկախությանը հաջորդած 10-նամյակներին նա կազմակերպել է առաջատար կատարողների մասնակցությամբ մի քանի կամերային եւ սիմֆոնիկ համերգ: Բացի Հ. Բոյաջյանից, համերգային ծրագրերում առկա էին երեւանցիների համար բացահայտում դարձած ԱՄՆ կոմպոզիտորների անուններ: Ինքը՝ Բոյաջյանը, նպաստել է հայ երաժիշտների գործունեությանը, մասնավորապես, շուրջ 2 տարի աջակցել է 1990-ականներին Լ. Խոջա-Էյնաթյանի գլխավորությամբ գործող Երեւանի հարվածային գործիքների անսամբլին (Yerevan Percussion): Բոյաջյանի շնորհիվ, 1994 թ. օգոստոսին անսամբլի համերգին առաջին անգամ կատարվեցին ամերիկյան ավանգարդիստներ Հենրի Կաուելի, Ջոն Քեյջի, Սթիվ Ռայխի եւ ամերիկահայ կոմպոզիտորներ Ալան Հովհաննեսի ու իր՝ անսամբլի համար «YerPer» պիեսը հեղինակած Հայկ Բոյաջյանի ստեղծագործությունները:
Հ. Բոյաջյանը (ծնվ. Փարիզում, 1938 թ.) ընտանիքի հետ տեղափոխվելով Բուենոս Այրես, սովորել է տեղի կոնսերվատորիայում, իսկ 1958 թ.-ից գաղթելով ԱՄՆ, ուսումը շարունակել է Նոր անգլիական կոնսերվատորիայում եւ Բրանդեյսի համալսարանում: Հետագայում բնակություն է հաստատել Լեքսինգտոնում: Այժմ առավելապես ստեղծագործում է՝ համագործակցելով ամերիկյան արվեստի միությունների հետ:
Հ. Բոյաջյանի հեղինակային երեկոն առանձնահատուկ էր 2012 թ. ստեղծված 3 նոր երկերի պրեմիերաներով: Նրանց համադրումը վաղ ստեղծագործությունների հետ դրսեւորեց կոմպոզիտորի այժմյան նախասիրությունները: Նոր ստեղծագործություններից էին՝ «Canticle N 2»-ը թավջութակի եւ դաշնամուրի համար, դաշնամուրային «32 վարիացիան Բախի թեմայով» եւ «Հայկական կանտիկլ»-ը, իսկ ավելի վաղ երկերից՝ 1980-ականներին ստեղծված Լարային կվարտետը N 2 «Ազատ» եւ Երեւանում քանիցս կատարված «Քաղաքավարության կանոններ»-ը սոպրանոյի եւ դաշնամուրի համար:
Կոմպոզիտորական էվոլյուցիային բնորոշ ոճական դիապազոնը Հ. Բոյաջյանի մոտ մշտապես համակցվում է ազգային գործոնի հետ: Այսպես, «Հայկական կանտիկլ»-ում (կատարեց Արմեն-Լեւոն Մանասերյանը) դա շարականն էր՝ հմտորեն միահյուսված նեոդասական երաժշտության ընդհանուր մթնոլորտին: Այդ շարքին է պատկանում նաեւ «Canticle N 2»-ը՝ գրված «Ars lunga» դուետի համար (խոսքը վերաբերում է հայկական թավջութակի երաժշտության նվիրյալներ՝ թավջութակահար Արամ Թալալյանին եւ դաշնակահարուհի Ջուլիետտա Վարդանյանին): Ստեղծագործությունը կառուցված է հուզական վիճակների փոփոխականությամբ (դա բնորոշ է նաեւ Բոյաջյանի ավելի վաղ երկերին), որով պայմանավորված են երաժշտական հյուսվածքի եւ ոճական տարրերի փոփոխական հաջորդումները: Նեոդասականությունն ընկալվում է որպես XXI-ից XVIII դարին ուղղված հեռակա հայացք: Իսկ կանտիկլը (երգ) թաքնված է ենթագիտակցության խորքում եւ դուրս է մղվում մեղեդային ձգվող ֆրազների միջոցով:
«32 վարիացիա Բախի թեմայով» ստեղծագործության մեջ միաժամանակ բարոկկոյի եւ Յո. Ս. Բախի ոճանմանությամբ վերջում օգտագործված է մեջբերում նրա «Երաժշտական նվիրաբերում»-ից. Բոյաջյանը պահպանել է վաղ դասական երաժշտությանը բնորոշ ռիթմական, ֆակտուրային եւ ընդհանուր պոլիֆոնիկ հատկանիշները, որոնք նրբորեն հաղորդեց Ջ. Վարդանյանը: Միաժամանակ, ստեղծագործության ձգձգվածությունը (40 րոպեից ավելի) դժվարացնում էր ընկալումը:
Կոմպոզիտորի վաղ ստեղծագործությունները վկայում էին նրա ստեղծագործական երեւակայության եւ տեխնիկական միջոցների ազատ համադրության մասին: Հատկապես դա վերաբերում էր Լարային կվարտետին N 2: 3-ամաս շարքը, որտեղ կիրառվում են ալեատորիկայի եւ մինիմալիզմի տարրեր, ամբողջանում է միջանցիկ մտահղացումներով, օրինակ՝ ամբողջ կվարտետում էքսպրեսսիվ tremolando-ով: Ձեւավորման եւ անկման վիճակում գտնվող հնչյունային ոլորտի բազմազանությունը հետաքրքիր էր ունկնդրման համար, ինչին նպաստեցին կատարողները՝ Թերեզա Նաչարյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ ջութակ), Յանա Դարյանը (ալտ) եւ Արամ Թալալյանը (թավջութակ):
Ծրագիրը զարդարող «Քաղաքավարության կանոններ» ստեղծագործությունը՝ գրված Լեոն Դամասի ֆրանսիական բանաստեղծությունների հիման վրա, մասնագիտական բարձր մակարդակով, վառ ու արտիստիկ մեկնաբանեցին Գայանե Գեղամյանը դաշնակահարուհի Աննա Ճուղուրյանի հետ միասին: Գրական տեքստի անմիջական իմաստավորումը երգային, ասերգային եւ նույնիսկ նկարագրողական զանազան արտահայտչամիջոցներով ստեղծեց տպավորիչ վոկալ տեսարան:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
արվեստագիտության դոկտոր
«Առավոտ» օրաթերթ