Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը պահելու» ձեւը

Հուլիս 11,2013 13:50

Ամեն անգամ, երբ ես իմ այգում օրական գետնից եւ ծառերից 50-60 կիլոգրամ ծիրան եմ հավաքում, որը ջեմ, կոմպոտ, չիր, հյութ, օղու «կիսաֆաբրիկատ» սարքելուց բացի՝ մենք բաժանում ենք բոլոր ցանկացող բարեկամներին եւ ծանոթներին, ես հիշում եմ… Ղարաբաղյան Շարժումը: Հիշո՞ւմ եք, Ազատության հրապարակի ամբիոնից ասվում էր, որ, մենք, չունենալով գազ եւ նավթ, մեր երկիրը պահելու ենք «Ջերմուկով»: Այնուհետեւ, երբ անկախություն առաջին տարիներին կյանքը կտրուկ վատացավ, ընդդիմադիր հռետորները եւ թերթերը բազմիցս հիշեցրել են դրա մասին «երկիրը թալանած» եւ «գործարանները փակած» ՀՀՇ-ին. իբր տեսեք՝ ոչ միայն ապիկար են եւ գող-ավազակ, այլեւ սուտ, իրականությունից հեռու ծրագրեր էին փայփայում ու խոստումներ էին տալիս: Դե, ընդդիմադիր քարոզչությունը 20 տարում չի փոխվել, բայց հիմա ես «Ջերմուկի» եւ մնացած մեր «ունեցվածքի» խնդիրներին այլ կերպ եմ նայում:

Եթե ծիրանը այժմ Հայաստանում արժե առավելագույնը 100 դրամ, իսկ, ասենք, Ռուսաստանում՝ նվազագույնը 1000 դրամ, ապա, ամենայն հավանականությամբ, դրա վրա կարելի է չափազանց արդյունավետ բիզնես անել: Ինչո՞ւ չի արվում: Ինչո՞ւ են գյուղացիները օրերով հերթ կանգնում վերամշակման գործարանների մոտ, այդ օրերի ընթացքում բերքը փչանում է եւ թափվում: Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես եւ բոլոր պետական գերատեսչությունները, վարդագույն պատկերներ է ներկայացնում՝ տոկոսներով, թվերով, «անշեղ աճերով» եւ այլն: Բայց մենք հո գիտենք իրականությունը, եւ բերքը փտեցնելու գործընթացն իրականացվում է բոլորիս աչքի առաջ:

Միայն ծիրանով, միայն «Ջերմուկով», միայն քաղցրահամ ջրով կամ միայն նռով «երկիր պահել», իհարկե, հնարավոր չէ: Բայց հնարավոր է գազի եւ նավթի բացակայության առթիվ տնքտնքալու փոխարեն՝ ի մի բերել այն, ինչ ունենք եւ այդ մեր ունեցածն օգտագործել խնայողաբար, արդյունավետ: «Երկիր պահելը» ոչ միայն բյուջե լցնելն է, այլ օրինակ՝ գյուղացիներին իրենց բերքի համար վճարելը, որպեսզի նրանք նորմալ փոխհատուցում ստանան իրենց քրտինքի համար եւ ապրեն քիչ թե շատ տանելի պայմաններում: Երկիր պահել՝ առաջին հերթին նշանակում է մարդկանց պահել իրենց հողի վրա:

Ինչո՞ւ չկա 10 հատ «Սպայկա» կամ, ավելի լավ է, 10 հատ «Սպայկայից» հզոր ընկերություն: Ինչո՞ւ չկան մի քանի հարյուր փոքր վերամշակող ընկերություններ, որոնք կարող են ստեղծվել հենց գյուղացիների ուժերով: Պատասխանն, ըստ երեւույթին, քաղաքական համակարգի արատների եւ դրանցից բխող մենաշնորհների մեջ է:

Եթե ոչ թե գյուղացիները օրերով հերթ կանգնեն մթերողների դռան մոտ, այլ հակառակը, ապա, հավանական է՝ ավելի քիչ կխոսենք աշխարհագրական դիրքից եւ գազից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն Սարգսյան says:

    Պարոն Աբրահամյան

    Հնարավոր չի գյուղացիներին, վերամշակողներին, գյուղատնտեսներին, տնտեսագետներին, սպայկաներին, գյուղ աշխատանքները վարկավորող կազմակերպություններին ու բանկերին հարց ու փորձ անել, ամեն մեկի կարծիքն ու պրոբլեմները պարզել, փորձել հասկանալ ինչի չկա 10 հատ սպայկա:
    Հետո եթե հիմնավորվի, որ իրոք լուրջ բիզնես հնարավորություններ կան այդտեղ, ու պրոբլեմը քաղաքական արատների ու դրանցից բխող մենաշնորհների մեջ ա, էտ սաղ հարց ու փորձերի հիման վրա փորձել բիզնես ծրագրեր կազմել, մեր ընդդիմադիր կամ քաղաքացիական հասարակության անդամներին ներգրավել էտ գործի մեջ որպես բիզնեսմեններ:
    ինտերնետի, թերթերի ու եթե հնարավոր ա նաև հեռուստատեսությունների միջոցով կազմակերպել reality show-ի նման մի բան էտ բիզնեսի զարգացման կամ չզարգացման մասին, ու ըտենց ռեալ գործով պայքարել մենաշնորհի դեմ, հարստանալ, հարստացնել գյուղացուն, հասկանալ պրոբլեմները,համ էլ հետաքրքիր ժուռնալիստական աշխատանք կատարել:

  2. Ruben says:

    Եթե կառավարությունն ու նախագահը համաձայնվեն (ըստ Սահմանադրության եւ պետական/ազգային օրենքների) ապահովել/վաճառել 120 քառակուսի կիլոմետր (20 քառ./կմ հյուսիսում, 70 քառ./կմ կենտրոնական մասում, 30 քառ./կմ հարավում) դատարկ, չօգտագործվող (դարեր շարունակ) տարածքներ ազատ տնտեսական գոտիների (բնակավայրերի կառուցման, արդյունաբերական, գիտական եւ արտադրական հաստատությունների) ստեղծման համար՝ հնարավոր է 1100 օրում հասնել 1990թ. տնտեսական զարգացման մակարդակին: Ոչ փող, ոչ էլ օգնություն, №14 ուսումնարանի մակարդակի կառավարությունից չի պահանջվում: Պահանջվում է միայն արդարություն եւ օրինական ազատություն:

  3. Armine G says:

    Ինչուների պատասխանը միայն մեկն է: Որովհետև կառավարությունը և նրա գլուխը երկրի մասին չի մտածում, այլ մտածում է իր անտակ գրպանի մասին: Մինչև ներկա կառավարությունը իր գլխից բռնած չփոխվի, էս հարցերը առկա կլինեն մեր երկրում:

  4. Areg says:

    Հարգելի խմբագիր Դուք սխալվում եք, որ Ռուսաստանում ծիրանի գինը նվազագույնը 1000 դրամ է: Ես ապրում եմ Մոսկվայում և մեր մոտ ծիրանի մեծածախ գինը արժե 60-65 ռուբլի – 756-819 դրամ: Շուկայականը շատ ավելի բարձր է: Բայց Հայաստանից ներկրողը շուկա չի գնա ու մանրածախով ամբողջ բեռնատարը չի ծախի: Գումարած դրան հազար ու մի տեսակի ծախս: Չեմ կարծում, որ դա եկամտաբեր բիզնես է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031