Մամուլում լուրեր են շրջանառվում, թե մի քանի հեռուստաընկերություններում կրճատումներ են իրականացվում, ծրագրեր են փակվում, աշխատակիցներին ուղարկում են չվճարվող արձակուրդ: Համաձայն այդ տեղեկությունների՝ Հ1-ում փոփոխությունները պայմանավորված են նոր տնօրենի անձով, «Արմենիայում» եւ «Շանթում»՝ աշխատակազմի եւ վարձատրության ուռճացվածությամբ:
Aravot.am-ն այդ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստացավ նշված հեռուստաընկերություններից:
«Արմենիա» հեռուստաընկերությունն ընդգրկված է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում, որի կազմում են նաև «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը:
Ուստի «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման բաժնետերերի խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանից հետաքրքրվեցինք՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատակիցների կրճատման և ծրագրերի փակման լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Նա հերքելով այդ լուրերը՝ նշեց. «Ուղղակի ամառային արձակուրդներ են: Սովորաբար այդ շրջանում բոլոր հեռուստաընկերություններն իրենց ծրագրերն ուղարկում են արձակուրդ և նոր եթերաշրջանում նոր ծրագրերով եթեր մտնում»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե մարդկանց չվճարվող արձակուրդ են ուղարկում, մասնավորապես սերիալների դերասաններին, պարոն Արզումանյանն այսպես արձագանքեց. «Սերիալի անձնակազմի հետ հեռուստաընկերությունն այլ կերպ է աշխատում: Մենք ընկերություններին պատվիրում ենք սերիալ արտադրել, իսկ երբ սերիալն ավարտվում է, դերասանների աշխատանքն էլ է ավարտվում: Մենք սերիալի աշխատակազմին աշխատանքի չենք ընդունում»: Ի դեպ, հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն իր մրցութային առաջարկում, որի համաձայն 2010 թվականին արտոնագիր ստացավ ՀՌԱՀ-ից՝ որպես հեռուստաընկերության աշխատակազմ հիմնականում ներկայացրել էր հենց իրենց սերիալներում նկարահանվող դերասաններին:
Աշխատակազմի ուռճացման մասին լուրերին էլ Ա. Արզումանյանն այսպես պատասխանեց. «Ուռճացման խնդիր չկա,սովորական աշխատանքային կացություն է»:
«Շանթ» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Լիանա Մարտիրոսյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ կրճատումների և ծրագրերի փակման վերաբերյալ այսպիսի գրավոր պարզաբանում է ներկայացրել. «Ամառվա ամիսները սովորաբար հեռուստաընկերությունների համար անկումային են լինում, և դադարեցվում են մի շարք հաղորդումների նկարահանումներն ու հեռարձակումը: Այս տարին էլ բացառություն չեղավ: Իսկ թե որ հաղորդումները եթեր կվերադառնան, մեծապես կախված է տնտեսական վիճակից և գովազդային շուկայի ծավալից»:
Այն լուրերին, թե կրճատումների հիմնական պատճառը աշխատակազմի եւ վարձատրության ուռճացվածությունն է, Լ. Մարտիրոսյանն այսպես է պատասխանել. «Որպեսզի աշխատավարձերի, ծառայությունների կամ ապրանքային շուկայում ինչ-որ գներ ուռճացվեն, բավարար է, որ մասնակիցներից մեկը սկսի առավել բարձր գնով վճարվել, քան մնացածները: Որպես կանոն դրան պետք է ստիպված հետևեն մնացածները, հակառակ դեպքում կորցնելու են դիրքերը: Այն, որ սերիալների արտադրության ծախսերը, այդ թվում նաև աշխատավարձերը, շատ դեպքերում ավելի բարձր և ուռճացված էին, քան դրանք կարող էին լինել, դա փաստ է: Հիմնականում հենց սա էլ պատճառ դարձավ ներկայիս սերիալների մեծ մասի արտադրության դադարեցմանը՝ ժամանակավոր, թե ընդմիշտ՝ ցույց կտա ժամանակը»:
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ի բարձրացրած գրավոր հարցերին ի պատասխան այսպիսի պարզաբանում ենք ստացել. «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կամ Առաջին ալիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Հասարակության բարձր սպասելիքներն արդարացնելու համար անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, որոնք մոտ ապագայում տեսանելի կլինեն նաև եթերում: Հեռուստաընկերության ղեկավարությունը բարձր նշաձող է սահմանել հեռուստաարտադրանքի բովանդակության, տեխնիկական կատարման և որակական մի շարք այլ չափանիշների մասով, որն իրագործելու համար հարկավոր է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտական ներուժ: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին հակառակ՝ աշխատակազմի կրճատումերը մասսայական բնույթ չեն կրում և պայմանավորված են հեռուստաարտադրության ծավալների նվազմամբ: Կադրային փոփոխությունները, ինչպես ցանկացած կազմակերպությունում, անխուսափելի են, բայց և՝ ոչ ինքնանպատակ:Բացի այդ, նոր եթերաշրջանին ընդառաջ վերանայվում և փոփոխվում է հաղորդումների ցանցը:Ինչ վերաբերում է արձակուրդներին, ապա Առաջին ալիքում բոլոր աշխատակիցների արձակուրդները վճարվում են, ինչպես պահանջում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Առաջին ալիքի վերջին շրջանի բարեփոխումերը պայմանավորված են որակյալ հեռուստաարտադրանք ստանալու հասարակության արդարացի պահանջով: Այն բխում է հասարակական շահից եւ պայմանավորված չէ զուտ անհատների որոշմամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ