Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադի տոնն ու շոկոլադեպատ օրը Անիի և Սուրենի համար

Հուլիս 11,2013 12:40

Այսօր՝ հուլիսի 11-ին աշխարհը տոնում է շոկոլադի օրը: Այս օրը կրկնակի տոն է հատկապես Անիի ու Սուրենի համար, նրանք հուլիսի 11-ին անհամբերությամբ են սպասում: «Երկու տարի առաջ այս օրն էր, երբ սոցցանցում գրեցի, որ շոկոլադի միջազգային օրն է, ու մեկ ժամ էլ դեռ չանցած գիշերը ժամը 2-ին մեր դուռը զանգեցին, դուրս եկա, ոչ ոք չկար, ու դռան դիմաց դրված էր մեծ տուփ ու մեջը լիքը շոկոլդներ», – պատմում է Անին: Անակնկալի հեղինակը, իհարկե, Սուրենն էր, ով գրառումը կարդալուն պես շտապել էր շոկոլադեպատ դարձնել Անիի օրը, առանց իմանալու, որ Անին շոկոլադ շատ է սիրում. «Երբեք չէի պատկերացնի նման բան, ես քաղցրակեր եմ ու մեր տան շոկոլադը շատ շուտ եմ «կորցնում», բայց այդ տուփի մեջ այնքան շատ էր, որ մի ամբողջ շաբաթ ուտում էի, ու չէր վերջանում», – ասում է Անին: Նախորդ տարվա շոկոլադի օրը ևս սովորական չդարձավ, բայց այս անգամ արդեն միասին նշեցին ու քաղցրացան. «Շատ շոկոլադներ գնեցինք ու զբոսնելով կերանք մի ամբողջ օր», – ժպտում է Անին: Այս տարի էլ Անին է անակնկալ պատրաստել Սուրենի համար, թեև այդ մասին մեզ գաղտնի ասաց՝ չցանկանալով չակերտները բացել: Ինչևէ, արդեն երրորդ տարին է, ինչ Անիի ու Սուրենի համար հուլիսի 11-ը ուղղակի տոն չէ, այն տոն է սիրով ու անակնկալներով լի:

Թեև շոկոլադի օրը առաջին անգամ նշել են Ֆրանսիայում, բայց շոկոլադին նվիրված հուշարձան կանգնեցրին ոչ թե ֆրանսիացիները, այլ ռուսները`2009 թ.  հուլիսի 1-ին: Հուշարձանը կոչվում է «Շոկոլադե փերի» և ունի 3 մետր բարձրություն և  600 կգ քաշ:

Շոկոլադի օրը առաջին անգամ հնարվել է ֆրանսիացիների կողմից 1995թ.: Կարծիք կա, որ շոկոլադը առաջին անգամ ստացել են ացտեկները և այն անվանել  «Աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, այն բերելով Եվրոպա, կնքել են  «Սև ոսկի» անունով, նրանք շոկոլադը օգտագործում էին ֆիզիկական ուժի ամրապնդման և վերականգնման համար: Ավելի ուշ, Եվրոպայում շոկոլադը օգտագործվում էր միայն արիստոկրատների շրջանում: Եվ միայն 20-րդ դարի սկզբներին շոկոլադ կարող էին օգտագործել նաև ոչ արիստոկրատ մարդիկ:

 

Շնորհավոր շոկոլադի օր:

 Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031