Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. «Կառավարությունը շատ լուրջ եւ շատ կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկի արտագաղթի դեմն առնելու համար»

Հուլիս 11,2013 12:30

Նախորդ օրը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել էր «Կոռուպցիոն համաշխարհային բարոմետրը», որի համաձայն Հայաստանի շարքային քաղաքացիները աշխարհի 107 երկրների շարքում այն քչերից էին, որ ցանկություն չունեին որեւէ ձեւով պայքարել կոռուպցիայի դեմ:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը «Առավոտի» հարցին` ի՞նչն է պատճառը՝ հասարակության խորը անտարբերությո՞ւնը, թե ուրիշ որեւէ բան, պատասխանեց. «Չեմ կարծում, որ անտարբերությունն է, որովհետեւ նույն հարցումներով բոլորը նշում են, որ կոռուպցիան լուրջ խնդիր է, բայց կան շատ ավելի կարեւոր խնդիրներ, որոնք կոռուպցիայի հետ չեն առնչվում, շատ ավելի են հուզում մարդկանց: Օրինակ՝ աշխատատեղերի խնդիրը, աշխատավարձի, կենսամակարդակի բարձրացումը, արտագաղթը… Իհարկե, կոռուպցիան էլ է շատ լուրջ խնդիր, եւ ասենք, արտագաղթի վրա էլ է ազդում, բայց հիմնականում մարդկանց ուշադրությունը սեւեռվում է այն խնդիրների վրա, որոնք անմիջապես, արագ եւ առօրյա կյանքում իրենց վրա են անդրադառնում՝ գնաճը, կենսամակարդակի ցածր լինելը, աշխատավարձի անբավարար չափը: Այդ պատճառով կոռուպցիան երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղերում է»:

Պարոն Պողոսյանը նաեւ մի հետաքրքիր շեշտադրում արեց. «Մի ուրիշ բան էլ կարող եմ ասել՝ կան երկրներ, եւ Հայաստանը, ցավոք սրտի, այդ երկրների կազմում է, որտեղ կոռուպցիան համակարգային է դարձել, եւ եթե մենք կոռուպցիան վերացնենք, էդ համակարգը կարող է փլուզվել: Մեր ողջ տնտեսական համակարգին կոռուպցիան այնքան է սերտաճել, որ դարձել է անբաժանելի մասը, եւ ուրեմն՝ դրա դեմ պետք է պայքարը զգույշ տանել, որպեսզի չփլուզենք այն, ինչ-որ այնուամենայնիվ ունենք, լա՞վ է՝ վա՞տ է՝ ինչ որ բան ունենք…»:

Արտագաղթի հնարավոր պատճառներից մեկն էլ կոռուպցիան է՝ ըստ պարոն Պողոսյանի: Նա նկատում է, որ տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է մոտավորապես 35 հազար մարդ: Ճիշտ նույնքան երեխա էլ ծնվում է Հայաստանում տարեկան կտրվածքով: Եվ եթե հաշվի առնենք նաեւ մահացողների թիվը՝ բնական է, որ մեր երկրի բնակչությունը որեւէ աճ չի կարող տալ, եւ հակառակը՝ ունի նվազման հստակ միտում: «Առավոտի» հարցին՝ արդյոք արտագաղթը զուտ օբյեկտիվ հիմքեր ունի, թե կան նաեւ ազգային, մենթալիտետային ինչ-որ պատճառներ, որոնք ստիպում է մարդկանց հեռանալ սեփական Հայրենիքից:

Պարոն Պողոսյանն ասաց, որ այդպիսի պատճառները շատ են. «Բայց ես կնշեմ երկու ամենակարեւորը: Նախ՝ արդեն մոտ քսան տարի մեր երկիրը շրջափակման մեջ է, եւ մենք ունենք շատ ագրեսիվ հարեւան, որը ամեն օր մեզ սպառնում է պատերազմով: Սա բնականաբար որոշակի հոգեբանական դիսկմոֆորտ է առաջացնում, եւ դրանով ենք մենք տարբերվում մյուս երկրներից, որտեղ արտագաղթողները նման խնդիր չունեն: Երկրորդ հիմնական պատճառը Սփյուռքն է: Իհարկե, Սփյուռքը մեր հարստությունն է, բայց մյուս կողմից էլ՝ Սփյուռքը ձգում է, տանում է մարդկանց: Եթե ունես բարեկամ՝ Լոս-Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում կամ Մարսելում, դա քեզ ավելի դինամիկ, ավելի մոբիլ է դարձնում, եւ սկսում ես մտածել՝ գնամ, տեսնեմ՝ ես ի՞նչ կանեմ: Այս հանգամանքն է, որ ուրիշ երկրներում չկա»:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականին Հայաստանում, ինչպես նաեւ հետսովետական մի շարք երկրներում բնակչության թիվը նվազելու է՝ ի տարբերություն ողջ մոլորակի, որին սպառնում է բնակչության թվի այնպիսի ավելացում, որը կարող է աղետալի լինել՝ բնական ռեսուրսների անբավարարության առումով: «Առավոտի» հարցին՝ արդյոք այդ նվազումը մեր երկրում ավելի կտրո՞ւկ է լինելու, քան մյուս երկրներում պրոֆեսորը պատասխանեց. «Այո, այդպես է լինելու, քանի որ մեր բնակչության թվի նվազման վրա ավելի շատ ազդում է ոչ թե ծնելիության անկումը, այլ՝ արտագաղթը: Դեպոպուլյացիոն մեխանիզմը Հայաստանում շատ ուժեղ է: Օրինակ, Ռուսաստանում միգրացիոն խնդիրը ուժեղ չի կանգնած, որովհետեւ այդ երկրից որքան մարդ հեռանում է, նույնքան էլ ներգաղթում է, այդ թվում՝ հայերը: Իսկ Հայաստանից միայն արտագաղթ կա: Հայաստանի պայմաններում պետք է ոչ այնքան ծնելիությունը խթանել, երկարակեցություն ապահովել, որքան՝ արտագաղթը կանխել: Այլ երկրներում, որտեղ արտագաղթի խնդիրը կանգնած չէ, ծնելիության անկման դեմ կարելի է պայքարել հայտնի ձեւերով, մեզ մոտ ավելի բարդ է խնդիրը: Հասել է այն իրավիճակին, որ մեր կառավարությունը շատ լուրջ եւ շատ կտրուկ քայլեր պիտի անի նախ՝ արտագաղթի դեմն առնելու համար, եւ հետո ծնելիությունը խթանելու համար: Արդեն այն վիճակին ենք հասել, որ երեխաների համար տրվող նպաստն ավելացնելը անիմաստ է, ավելի կտրուկ քայլեր է պետք անել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031