Ծանրամարտի մրցաշարում այսօր 85 կգ քաշային կարգում, հանդես կգա Աղասի Աղասյանը: Նա նախորդ ուսանողական խաղերում չեմպիոնի կոչում նվաճել էր 77 կգ-ում, սակայն ակնկալիքները մեծ են նաեւ նոր քաշային կարգում:
Այսօրվանից պայքարն են սկսում ազատ ոճի ըմբիշները եւ առաջին իսկ օրը մրցագորգ մտնելու է Եվրոպայի չեմպիոն Դեյվիդ Սաֆարյանը (66 կգ), որը մեկնարկային գոտեմարտն անցկացնելու է լեհ Արկադիուս Ժեչայի հետ: Բացի Դեյվիդից, այսօր մրցագորգ է մտնելու նաեւ 55 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը: Նրա առաջին մրցակիցը լինելու է Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգավան:
Հաջող են մեկնարկել մեր երկու շախմատիստները՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը: Նրանք տարել են երկուական հաղթանակ (Ռոբերտը՝ նաեւ ադրբեջանցի Զաուր Մամմադովի նկատմամբ), մեկական պարտիա ավարտել են ոչ-ոքի: Այսօր՝ չորրորդ տուրում, մեր գրոսմայստերների մրցակիցները Լեհաստանից են. Ռոբերտինը՝ Վոյցեխ Մորանդան, Զավենինը՝ Յաշեկ Տոմչակը:
Մեր թեթեւ աթլետ Աշոտ Հայրապետյանն այսօր մասնակցելու է տղամարդկանց 800 մետր վազքի կիսաեզրափակիչ փուլին, իսկ լողորդուհի Վանե Ղարախյանը մեկնարկելու է 100 մետր բրաս լողաոճում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ