Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Վիրաբյանն ուղղակի ցուցադրական մեղադրյալներից մեկն է». Ծ. Նազարյան

Հուլիս 11,2013 12:16

«Տիգրան Վիրաբյանն ուղղակի ցուցադրական մեղադրյալներից մեկն է: Նա արդեն քսան տարի օգտագործվել էր, հերիք չէ՞: Վիրաբյանն իշխանությանն է պատկանել շուրջ քսան տարի, իշխանությանն է ծառայել է և՛ որպես վարչության պետ, և՛ որպես ընտրակեղծարար»,- Aravot.am-ի հարցին`ի՞նչ գնահատական կտա  Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալությանը, այսպես պատասխանեց «Իրավունքի Եվրոպա» դիտորդական խմբի անդամ, լրագրող Ծովինար Նազարյանը:

Որ Վիրաբյանը ձերբակալվելու է, խոսվում էր դեռ շաբաթներ առաջ։ Նախորդ շաբաթ, սակայն, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը զանգել էր նրա բջջային համարով, Վիրաբյանն ասել էր. «Ինչպես տեսնում եք, ազատության մեջ եմ»։ Ըստ ՀՔԾ-ի՝ նա մեղադրվում է «պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով»: Խոսքը սուբսիդավորված դիզվառելիքի սկանդալի մասին է, որտեղ շրջանառվում է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի անունը։ Վերջինիս էր հատկացվել Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված 70 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիքի 48 հազար լիտրը։

Հիշեցնենք, որ 75-ամյա թոշակառու Անիկ Դավթյանն ու լրագրող, «Իրավունքի Եվրոպա» դիտորդական խմբի անդամ Ծովինար Նազարյանը ժամանակին դատարանից պահանջում էին պարտավորեցնել Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար հրապարակային ներողություն խնդրի, եւ որ այդ գործողությունը տեսաձայնագրվի եւ տեղադրվի YouTube կայքում:

Այս առիթով Ծ. Նազարյանն ասաց. «Ես ժամանակին ասել եմ, եթե Վիրաբյանին ձերբակալեին ընտրությունները կեղծելու համար, կնշանակեր, որ նոր բան է սկսվում, որ մարդիկ հրաժարվում են իրենց ընտրակեղծարար ձեռագրից, ոճից ու քաղաքականությունից:  Ես նաև կանխատեսում էի, որ ընտրական գործընթացների  հետ կապված Վիրաբյանին ոչինչ չէին անի, քանի որ իրենք չեն պատրաստվում  դադարել շարունակել ընտրակեղծիքները: Իրենք` նկատի ունեմ հանրապետական կուսակցության գլխավորած ռեժիմը և այն պետական կառույցները, որոնք ենթարկվում են ՀՀԿ-ին, ոչ թե պետությանը: Այն կարծիքին եմ, քանի որ Վիրաբյանի քսան տարվա օգտագործման ժամկետը լրանում է, պիտի ավելի թարմ ուժերով համալրվի զինանոցը` ընտրակեղծիքների, յուրացումների համար: Դրա համար էլ Վիրաբ յանն ուղղակի ցուցադրական մեղադրյալներից մեկն է: Իրենք գիտեն, թե իրենց մեջ ում են ընտրում գլխավոր ընտրակեղծարարի դերում: Դա իմ ենթադրությունն է, քանի որ հարկավոր են ցուցադրական մի քանի քայլեր, Վիրաբյանի և մի քանի հոգու վրա է ընտրությունը կանգ առնում, քանի որ նրանք  արդեն մի քանի տարի ծառայել են, և հիմա նորերն են իրենց պետք»:

Ծ. Նազարյանը չհերքեց այն, որ իրենց պայքարը կոնկրետ Վիրաբյանի` ընտրակեղծիքների հետ կապված գործունեության  դեմ հնարավոր է նրան ավելի տեսանելի է դարձրել և նպաստել նրան, որ իշխանությունները հենց նրան ընտրեն որպես թիրախ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031