Լրահոս
Օրվա լրահոսը

«Թափառական շներ, աղբանոց, արեւ, ցուրտ, դա իմն էր». Վիգեն Չալդրանյան

Հուլիս 11,2013 12:09

«Ես ինքս ինձանից գողանում եմ, ռեժիսորը սնանկանում է, երբ աշխատում է շատ գործերով: Առայսօր երազում եմ չզբաղվել այլ գործերով, սակայն կյանքն է ստիպում: Ես դիպլոմավոր դերասան եմ, բայց ինքս ինձ ֆիլմերում ուրիշ կերպ եմ վերաբերվում, քան մյուս դերասաններին: Ռեժիսորին տրվում է այն էներգիան, ինչ ունի դերասանը, իմ էներգետիկան գնում է կամերային, դատարկ վերադառնում է ինձ: Ոչինչ չի կատարվում: Իմ բոլոր դերակատարումներն այնպես են, կարծես ռեժիսորը կադրում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային խաղարկային մրցույթ/հայկական համայնապատկեր անվանակարգում ներկայացրած իր «Ձայն լռության» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

Ռեժիսորն իր անձին այնքան էլ լուրջ չի վերաբերվում, ֆիլմը միակ վայրն է, որտեղ անսահման անկեղծ է, մորեմերկ.

«Ինձ ֆիլմն այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը պրոցեսն է: Թափառական շներ, աղբանոց, արեւ, ցուրտ, դա իմն էր: Եթե ֆիլմը լավն է՝ կմնա հանդիսատեսին: Ինձ այս ժամանակահատվածը թանկ է, դժվարին ճանապարհ ենք անցել, բայց պետք է գնանք առաջ»:

Ֆիլմը սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման նուրբ պատմություն է՝ ըստ իրական փաստերի պատահական հանդիպում /երկրորդ ես/-ի հետ, մարդու եւ նրա խղճի երկխոսություն, որից աստիճանաբար պարզվում է ճշմարտությունը: Ֆիլմը դրվագ է այն ռեժիսորի անակնկալներով լի կյանքից, որը աշխարհաքաղաքացի ամերիկահայ դառնալով՝ ոտք է դրել իր ստեղծագործական եռանդի եւ գաղափարների աղբյուր հարազատ հողին: 1988-ին հեռանալով հայրենիքից՝ նա որոշակի հաջողության է հասել Հոլիվուդում: Իսկ այժմ վերադառնում է իր հրեա կնոջ հետ՝ ֆիլմ նկարահանելու: Նա պետք է բարդ ընտրություն կատարի սրտի եւ գլխի միջեւ. Շարժվել բանականությա՞ն, թե՞ հույզերի թելադրանքով, թողնե՞լ հարմարավետ կյանքը, թե՞ լիովին շրջել այդ կյանքի ուղղությունը.

«Փառատոնի շնորհիվ կինոմթնոլորտ է ձեւավորվում, որը վաղուց կորել էր մեզանում, դա իրենց վրա կզգան երիտասարդ կինոմատոգրաֆիստենրը, ովքեր սովորում են այսօր: Հայաստանում առանց կոմպրոմիսի հնարավոր չէ, որեւէ ստեղծագործող իր հրապարակում ի վերջո իր հետեւից տանող ղեկավար է»:

Ֆիլմի գլխավոր դերակատար Մարիամ Դավթյանի մասին ռեժիսորը նշեց, որ դերն ինքն է ընտրում իր դերակատարին, դերասանուհուն գիտեր 20 տարուց ավելի, նա անփորձ էր կինոյում, դժվարին ճանապարհ էր, որ պետք է անցներ, կա արդյունքը հետ չես կարող նայել, միասին հաղթահարել են.

«Ամեն ֆիլմի հետ նոր անուններ են բացահայտվում, նոր խորություններ, նոր արտահայտչամիջոցներ, նոր դերասաններ»:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լուսանկարը՝ https://www.avproduction.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031