Հատված Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանի հետ հարցազրույցից:
– Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ վերջինս հունիսի 1-ին եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից տեղեկացել է, որ նրան ծեծի են ենթարկել մեքենայի մեջ։ Նույնը Aravot.am–ի հետ զրույցում ասել էր նաև Բուդաղյանների հայրը։ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար քրեական գործի շրջանակներում մեղադրյալներին մեղադրանք առաջադրվե՞լ է։
– Ո՛չ, չկա առաջադրված մեղադրանք։
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ծեծի ենթարկելու համար մեղադրանք առաջադրված չէ։
Կարդացեք նաև
– Կարծում եմ, որ պիտի առաջադրվեր։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված… հավանաբար պայմանավորված է քննության միակողմանիությամբ։ Այն, որ քննությունը միակողմանի է ընթանում, դա փաստ է։ Դա պարզ երևում էր սկզբնական շրջանում։ Ծեծի համար նրանց մեղադրանք չառաջադրելը հավանաբար այդ նույն պատճառն ունի։ Պատճառը նույն բանն է՝ քննության միակողմանիությունը։
– Պարո՛ն Ալումյան, իսկ պատրաստվո՞ւմ եք միջնորդություն ներկայացնել, որպեսզի Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար ևս մեղադրանք առաջադրվի։
– Թե կոնկրետ ինչի համար եմ միջնորդություն ներկայացնելու չեմ ցանկանում հիմա հրապարակել։ Երբ կանեմ, դրանից հետո նաև
կհրապարակեմ, բայց նախապես չեմ ուզում ասել, թե ինչ եմ անելու։
– Այնուամենայնիվ, կարծում եք, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար ևս մեղադրանք պետք է առաջադրվի՞։
– Գիտեք դեռ որոշ տվյալներ կան, որոնց ես ինքս պիտի ծանոթանամ, որից հետո նոր կկարողանամ այդ հարցին պատասխանել։
– Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հայտարարել է, որ կրակել են նաև վերևից։ «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել»,- ասել էր նա։ Բուդաղյանների հոր հայտարարության աղբյուրը դեպքի տեսագրությո՞ւնն է, թե՞ փորձաքննության արդյունքում պարզված հանգամանքները։
– Ավելի լավ է, որ մենք հիմա չխոսենք, թե նա ինչով է դա հիմնավորում։ Ինքը ցուցմունքների մեջ դրա մասին նշելու է, հիմա չստացվի, որ մենք մինչև ցուցմունք տալն այդ տվյալները նախապես հրապարակայնացնում ենք։
Ցուցմունք կտա նաև այդ հարցերի մասին, դրանից հետո, երբ հնարավոր լինի հրապարակել այս տեղեկությունը, մենք դա, իհարկե, անմիջապես կհրապարակենք։
– Բուդաղյանների հայրը նաև հայտարարել էր, որ նախաքննությունը ճիշտ հակառակ ուղղությամբ և տրամաբանությամբ է ընթանում։ Համաձա՞յն եք հնչած կարծիքի հետ։
– Պատրաստ եմ ստորագրել այդ կարծիքի տակ։
– Մասնավորապես ի՞նչը նկատի ունեք։
– Սկսած ՀՀ զինդատախազի հրապարակային ոչ մեկ անգամ արված հայտարարություններից, վերջացրած երեկվա այդ փաստով, որ Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու փոխարեն՝ մեղադրանք առաջադրեցին։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում