Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Նո՞ր միայն բացվեցին իշխանության աչքերը»

Հուլիս 11,2013 11:37

Հատված հանրապետության նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԻ հետ հարցազրույցից:

Հաճախ ենք մեր երկրում արմատացած կոռուպցիոն ռիսկերը պատճառաբանում ազգային մենթալիտետով, ասելով՝ ինչպե՞ս կարելի է պայքարել կաշառք վերցնողների դեմ, եթե չենք պայքարում կաշառք տվողների դեմ: Այսինքն՝ կա նաեւ ժողովրդի հոգեբանությա՞ն փոփոխության խնդիր

-Այդ հոգեբանությունը կփոխվի, եթե պետությունը հավատ ներշնչի իր իսկ կոնկրետ քայլերով, բայց դեռ մի բան էլ ամեն ինչ անում են այդ հավատի կորստի ուղղությամբ: Մարդիկ տեսնում են, որ հրապարակված բազմաթիվ սկանդալային փաստերը մնում եմ անհետեւանք, ավելին՝ պետական պատասխանատու մարմինները մտածում են՝ ինչպե՞ս կոծկել: Հասարակությունն էլ ասում է՝ եթե սրանք են կոռուպցիայի դեմ պայքարողները, ուրեմն ես ի՞նչ գործ ունեմ այդ «պայքարում»:
   –Առաջին անգամ երկրի առաջին դեմքերը բարձրաձայնում են, որ մինչ օրս կոռուպցիայի դեմ ծավալված պայքարը չի եղել արդյունավետ, ավելին՝ վարչապետի նախագահությամբ սպասվող հակակոռուպցիոն խորհրդի նիստում քննարկվելու է հենց անարդյունավետության հարցը: Գնահատելի չէ՞ այս անկեղծությունը:
   -Իհարկե, բարձր եմ գնահատում այդ անկեղծությունը, բայց լուրջ մտահոգություն ունեմ. հասարակությունը կարող է սա ընկալելի որպես հերթական շոու: Երբ դանակը հասել է ոսկորին, երբ եվրոպական կառույցներն են արձանագրում, որ խայտառակ վիճակ է մեզանում, երբ քաղաքական մեծամասնությունը ծայրահեղ ընդդիմության դեր ստանձնած քննարկում է պետական համակարգի չարաշահումները, երբ դատախազությունն ստիպված է օֆշորում գրանցված ընկերության հարցով դիմել այլ պետության դատախազին, նո՞ր միայն բացվեցին իշխանության աչքերը։
   Պարոն Եսայան, դուք եղել եք հանրապետության նախկին նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը, արդյոք այն ժամանակ Հայաստանը միջազգային կազմակերպությունների գնահատականներում չէ՞ր ներկայանում որպես կոռումպացված երկիր:
   -Համարվում էր: Բայց այն ժամանակ գործում էին այդ նպատակով ստեղծված մարմինները, կոռուպցիայի դեմ պայքարը պահվում էր պետական մարմինների, հասարակության ուշադրության կենտրոնում: Իսկ այսօր այդ պայքարի մասին հիշվում է միայն նախագահի հանձնարարականից հետո:
   –Ձեր ժամանակ եւս կար դժգոհություն` հանձնաժողովը կոռուպցիոն երեւույթներ չի հայտնաբերում:
   -Այո, հասարակությունը սպասում էր սկանդալային բացահայտումների, բայց ումի՞ց: Մոնիտորինգի հանձնաժողովը չուներ նման գործառույթներ: Եթե ես փայտահատ չեմ, ու ինձ կացին չեն տվել ծառ կտրելու, եւ ինչ-որ մարդիկ սպասում են կտրված ծառին, բայց ես ինչպե՞ս կարող եմ այն կտրել:
   –Ըստ հարցումների, արեւմտյան երկրներում հսկայական չափերի է հասնում քաղաքական կուսակցությունների կոռուպցիան: Մեզանում կա՞ այդ երեւույթը:
   -Քաղաքական կուսակցությունների կոռուպցիան մի բան է, քաղաքական կոռուպցիան՝ այլ բան: Քաղաքական կոռուպցիան է մեզ մոտ հրատապը, որը դրսեւորվում է ընտրությունների ժամանակ: Երբ կուսակցությունները հանդես են գալիս կաշառատուների դերում, որպեսզի ստանան քաղաքական իշխանություն: Սա կոռուպցիայի ամենից վտանգավոր դրսեւորումն է:
Ինչ վերաբերում է կուսակցությունների կոռուպցիային, սա շատ ավելի նվազ վտանգ պարունակող երեւույթ է եւ մեզանում ոչ այնքան տարածված:
   –Նախագահի խորհրդական եղած ժամանակ ասել եք, թե մեզանում քաղաքական կոռուպցիայի ամենավառ ձեւը գործադիր իշխանությունում տնտեսավարողների ակտիվ ներկայացվածությունն է:
   -Իհարկե, դա շատ վտանգավոր երեւույթ է մեզանում, երբ մարդիկ փորձում են իրենց տնտեսական հզորությունը վերածել քաղաքական հզորության եւ դա օգտագործել սեփական տնտեսական շահերի համար: Ցավոք, երեւույթը ոչ միայն կա մեզանում, այլեւ ծաղկում է ու բարգավաճում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031