Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի խոսնակ. «Մեկը մյուսին վաճառել է զենք, կարող է մի օր էլ վաճառի ինչ-որ ապրանքներ»

Հուլիս 11,2013 11:28

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ առհասարակ, ի՞նչ կարծիք ունի Բակո Սահակյանն Ադրբեջանի զինման մասին։ Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենց կողմից պաշտոնական հայտարարությամբ հանդես գալը ճիշտ չէ. «Դա երկու պետությունների ներքին գործն է։ Եղել է գործարք, մեկը մյուսին վաճառել է զենք, կարող է մի օր էլ վաճառի ինչ-որ ապրանքներ։ Դրա համար ճիշտ չէ, որ մենք մեկնաբանենք»։

Ճշտմանը՝ արդյոք մտավախություն ունե՞ք, որ ԼՂՀ հայտարարությունը միջամտություն կդիտվի Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, նա այսպես արձագանքեց. «Մի մեկնաբանեք։ Մի ասեք այն, ինչ չեմ ասել։ Սա ներքին հարց է, երբ մի պետություն մյուսին է վաճառում»։ Նրա խոսքով՝ Արցախում մտահոգվում են, երբ Ադրբեջանը զինվում է՝ անկախ նրանից, թե ո՞ր պետությունն է մատակարարում այդ զենքը, բայց սա չի նշանակում, որ մարդիկ տագնապի մեջ են։ «Կյանքն իր բնականոն հունով շարունակվում է։ Մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով։ Մենք մտահոգված ենք, բայց որպես ողբերգություն սա չենք դիտում, որովհետև այս ուղղությամբ համարժեք քայլեր ենք կատարում՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Նկատեք մի բան. եթե Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հայտարարություններով է հանդես գալիս, որ անթույլատրելի է համարում պատերազմական գործողությունները՝ ուժային կարգավորման տարբերակը, բայց միևնույն ժամանակ՝ զենք է վաճառում, ապա ՌԴ-ն ամեն ինչ պետք է անի, որ այդ զինամթերքը չկիրառվի։ Հետևաբար, պետք է Մոսկվան ջանքեր գործադրի, որ իր մատակարարած զենքը չօգտագործվի պատերազմական գործողությունների համար, հակառակ դեպքում՝ այս գործընթացն անտրամաբանական է դառնում»:

Դավիթ Բաբայանի կարծիքով, սա բիզնես–գործարք է, ու ՌԴ-ն պետք է անի ամեն ինչ՝ չթույլատրելու համար իր վաճառած զենքի օգտագործումը։ «Կարծում եմ՝ այսպես էլ կլինի։ Վաճառվող զենքը միշտ չէ, որ պետք է կրակի»,- շեշտեց նա։

Մենք հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչո՞ւ է այդ զենքը գնել, գնելիս հաշվի չէ՞ր առնի, որ իր գնած զենքը չի կիրառվելու, հետևաբար՝ անիմաստ չի՞ դառնում զինամթերքի ձեռքբերումը։ Ի պատասխան՝ Դ. Բաբայանը նկատեց. «Իմաստն այն է, որ, հավանաբար, սա ալիևյան կլանի շահն է՝ դրամ վաստակելու, նաև բանակն է իրենց համար եկամտի աղբյուր դարձել… Շատ ժամանակ ծախսված գումարները կարող են գնալ Ադրբեջանի վերնախավի՝ կլանի, սեփական գրպանը։ Այսինքն ՝ սա այնպիսի գործընթաց է, որն Ադրբեջանի պես կոռումպացված պետությանը թույլ է տալիս միջոցների մեծ մասը սեփական իշխանավորների հարստացման համար օգտագործել»։

Ինչ վերաբերում է «Սմերչ» զինատեսակին, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ իրենք էլ ունեն համարժեք սարքավորումներ, պարզապես պետք է հասկանալ, որ Ռուսաստանը պետք է «երաշխավոր կանգնի»՝ չթույլատրելու այդ զենքի կիրառումը։

«Եթե փող են աշխատել, ինչո՞ւ չվաճառել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ն այս հարցում «երաշխավոր կկանգնի»:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031