Դատարանում հնչած հայտարարության մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ։ Սակայն նա հարցով սկսեց մեր զրույցը։
– Ինչո՞ւ ինձ չեք մոռանում։
– Դուք մեր երկրի հայրաքաղաքի նախկին քաղաքապետն եք, այսքան սկանդալներ են պտտվում Ձեր շուրջը, ինչպե՞ս կարելի է Ձեզ մոռանալ։
– Հո կրակը չընկա՞նք, որ նախկին քաղաքապետ ենք եղել կամ նման բաներ են տեղի ունեցել։ Ես ընդհանրապես հեռու եմ քաղաքականությունից եւ չեմ էլ ցանկանում մտնել քաղաքականություն։ Ընդհանրապես ինձ այլ տեղ եմ պատկերացնում եւ չեմ էլ ուզում պետական կառույցների հետ աշխատել։
Կարդացեք նաև
– Ինչ–որ պատճա՞ռ կա այդպես մտածելու համար։
– Ոչ մի պատճառ չկա, որ ես այդպես եմ մտածում։ Ես սովորական հայ քաղաքացի եմ։ Հերի՞ք չէ, 13 տարի աշխատել եմ ու հիմա էլ ապրում եմ խաղաղ իմ կյանքով, ինչպես Հայաստանի մնացած քաղաքացիները։
– Ձեր դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, ուշագրավ հայտարարություն է արել՝ Ձեր որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, մեղադրելով Ձեր ապագա փեսայի սպանության մեջ։
– Ես այդ հարցերի մասին ո՛չ ուզում եմ լսել եւ ո՛չ էլ ցանկանում եմ անդրադառնալ, ու ընդհանրապես, մեզ ինչո՞ւ եք ցանկանում կապել այդ հարցերի հետ։
–Ի վերջո, Ձեր ապագա փեսայի սպանության գործն է քննվում, եւ Ձեր տղային էն մեղադրում մարդասպանության մեջ։
– Դուք հասկանո՞ւմ եք՝ փեսան ինչ է։ Նա ո՛չ նշանած է եղել, ո՛չ բան է եղել։ Ես ցավում եմ, որ նմանատիպ բան է եղել, ով որ արել է, թող պատասխան տան, իսկ ով անմեղ է, թող ազատվի, եւ մեղավորները պատժվեն։
– Ամբաստանյալի մայրը Ձեր տղային է մեղադրում։
– Դրանցից ամեն ինչ էլ հավատալի է։ Այդ մակարդակի մարդկանց հետ արժե՞ խոսել:
– Մակարդակն ինչ կապ ունի, երբ Ձեր որդու դեմ լուրջ մեղադրանք է հնչել։
– Ամեն ինչ կարող են ասել, բայց ո՞վ չգիտի, թե ով ինչ է։ Այդպիսի մի խոսք կա. մարդիկ որ խեղդվում են, ձեռքները գցում են փրփուրներին։ Չեմ էլ ցանկանում անդրադառնալ։ Ո՞վ են դրանք, ես չեմ էլ ուզում դրանց անունը տալ։ Դատաիրավական ոլորտը շատ լավ աշխատում է, եւ անմեղ մարդուն չեն դատում։ Ո՞նց կարող է անմեղ մարդուն բռնեն եւ այդ կերպ զրպարտեն։ Անհնարին բան է։ Իմ ընկերներից այն 4-ը մահացան 2007թ.՝ իմ դեմ կատարված մահափորձի ժամանակ։ Բայց այդպես էլ այդ գործը մնում է չբացահայտված, հավանաբար նրանք են այս ամենի հետեւում։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում