Երեկ Երեւանի Աբովյան փողոցում մեկնարկել է շատ փոքրիկ, բայց շատ կարեւոր մի բիզնես-պրոյեկտի իրականացում։ 8-ից 11 տարեկան երեխաները Րաֆֆին, Վանիկը, Ալբերտը, Արմենը, Դավիթը եւ Էլենը սկսել են սառը թեյի եւ տնային պայմաններում պատրաստված լիմոնադի վաճառք։
Նույն տարածքում բնակվող այս երեխաները մի փոքրիկ սեղանիկ են տեղադրել Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում եւ անցորդներին առաջարկում են իրենց պատրաստած սառը թեյն ու լիմոնադը մեկ բաժակը 200 դրամով։
Երեխաները, որ, ինչպես տեղում պարզել է մեր թղթակիցը, ֆինանսապես ապահովված ընտանիքներից են, հայտարարել են, թե այս կերպ իրենց ապագա բիզնեսի համար գումար են կուտակում։
Նրանք այնքան հասուն եւ բավականին լուրջ են վերաբերվել իրենց «պրոյեկտի» առաջին օրվան եւ ապագա բիզնեսին, որ ուղղակի զարմանալ կարելի է։
Կարդացեք նաև
Երեխաները մեր թղթակցի հետ զրույցում փոխանցել են, որ իրենց ծնողները դեմ չեն եղել իրենց նախաձեռնությանը՝ ասելով՝ գնացեք փորձեք։ Նախաձեռնողներից Ալբերտ Գյուրջյանը հայտարարել է, որ ուզում են ապացուցել, որ իրենք էլ կարող են փող աշխատել եւ որ ամեն ինչ պլանավորել են իրենց բիզնեսը ընդլայնելու համար։ «Մենք բիզնես ենք անելու եւ պլանավորել ենք փող հավաքել, գնալ զովացուցիչ ըմպելիքներ պատրաստելու համար պարագաներ առնել, առաջնային պետք է «բլենդեր» առնենք ու հետո, երբ մեր բիզնեսը զարգանա, «Զիգզագի» դիմաց աչքի տակ մի տեղ ունենք, այդ տեղը վարձելու ենք»,- մեր թղթակցին հայտնել է 10-ամյա Ալբերտը եւ ավելացրել, որ նախապես արդեն պայմանավորվել են՝ առաջին երեք ամսվա ընթացքում փող չստանալ, հավաքված գումարը ընդհանուր ֆոնդին է գնալու՝ իրենց ապագա բիզնեսի համար։ «Այսինքն, աշխատավարձ չենք ստանալու, երեք ամսից նոր աշխատավարձ կստանանք, մոտավորապես օրը 500-ից 1000 դրամ»,- ասել է փոքրիկ բիզնեսմենը։
Ու թեեւ երեխաները հաճախորդներին սպասարկելու համար պլաստմասե բաժակները իրարից առանձնացրել են ատամներով, իսկ պահանջված սառույցը թեյի կամ լիմոնադի մեջ լցրել են մատներով, երեկ օրվա առաջին կեսին արդեն նրանց բիզնեսը ծաղկում էր՝ շուրջ 5000 դրամի ըմպելիք էին վաճառել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
հարկայինը, մլիցեքը, և այլն չկան? զարմանալի ա….