Հուլիսի 9-ին միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ըստ նախնական լուրերի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ապտակել էր քաղաքում շինարարություն իրականացնող 71-ամյա Լեւիկ Մարյանին։
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվեցինք քաղաքապետի հետ։ Վերջինս հաստատեց տեղի ունեցած միջադեպը, այն որակելով որպես «իրար չհասկանալ»։ «Առանձնապես բան չի եղել, հիմա պահ էր, իրար չհասկացանք, սաղի հետ էլ կպատահի։ Գնացել էինք ջրագիծը սարքենք, ինձ ասեց՝ դու հարց լուծող չես, ես էլ ցույց տվեցի, որ լուծող եմ»,-մեկնաբանեց Գագիկ Սահակյանը։
Միջադեպը, քաղաքապետի մեկնաբանմամբ, տեղի է ունեցել այսպես. Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որի ժամանակ աշխատող տրակտորը պատահմամբ վնասել է փողոցով անցնող ջրագիծը։ Քաղաքապետարանից ջրագիծը նորոգելու համար բրիգադ է մեկնել, նրանց հետ Տեր-Սիմոնյան փողոց է գնացել նաեւ Գագիկ Սահակյանը։ Այստեղ էլ տեղի ունեցած վիճաբանությունից հետո վերջինս ապտակել է բնակչին։
Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում