ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով:
ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Հուլիսի 11-ին նախատեսվում է ԱԺ պատվիրակության հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Նույն օրը տեղի կունենա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ: Հուլիսի 12-ին հայ խորհրդարանականներին կընդունի Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի գործադիր մարմնի նախագահ Կոնստանտին Սումարը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ