«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց կինոռեժիսոր Միրա Ֆորնեյի՝ «Իմ մարդասպան շունը» խաղարկային ֆիլմը, որն առաջադրվել է «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման է ներկայացնում: Տղան ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին՝ հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը շունն է: Ֆիլմում անդրադառնում են նեոնացիզմի եւ ռասիզմի խնդրին: Ուշագրավ է, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ չկան: Ռեժիսորը ներկայացրել է տեղի բնակիչներին, այսինքն`այն, ինչ կա, իրականությունը: «Սա իմ երկրորդ խաղարկային ֆիլմն է, որի թեման շատ համամարդկային է: 15 տարիների ընթացքում համագործակցել եմ «Պուսան»-ի փառատոնին, իսկ այսօր այստեղ ներկա եմ գտնվում որպես մեծահասակ, սկսնակ ռեժիսոր»,-ասաց Ֆորնեյը, հույս հայտնելով, որ ֆիլմը կարժանանա հայ հանդիսատեսի հավանությանը:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ «Ոսկե ծիրան»-ը ջերմ հարաբերություններ է հաստատել «Ռոտերդամ»-ի եւ «Պուսան»-ի փառատոնների հետ: «Պուսանն» իր մասշտաբներով համարվում է ասիական «Կաննը». «Երկու փառատոնների հետ էլ 2006 թ-ից կնքվել է համագործակցության հուշագիր, այդ երկու փառատոնները մեզ դիտարկում են որպես կապող օղակ այս տարածաշրջանի հետ»,-ասաց Սուսաննան:
Վերջինս տնօրինության անունից, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի առիթով, «Պուսան» փառատոնի համահիմնադիր Միրա Ֆորնեյին հանձնեց ոսկե մեդալ` փառատոնում ներդրած իր մեծ լումայի և միջազգային տարածման համար:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ