Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սևծովյան տարածաշրջանում առաջատար դառնալու ճանապարհին Ուկրաինայի արտաքին քաղաքականության համար կարևոր քայլ կլինի: Կիև-Երևան-Սոֆիա եռանկյունու ստեղծումը կանխարգելող գործոն կդառնա տարածաշրջանում պանթուրքիստական տրամադրությունների դեմ: Այս մասին ասվում է Ուկրաինայի հասարակական գործիչ, «Արդար գործ» կառույցի համանախագահ Դմիտրի Սնեգիրևի՝ «Свобода слова» պարբերականում հրապարակած հոդվածում: Հայտնում է «Անալիտիկա» լրատվականը:
«Հայոց հարցը» մանրամասն ներկայացնելով՝ փորձագետը նշում է, որ ցեղասպանությունները կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի համաձայն (1948թ.), հայ ազգի դեմ Թուրքիայի գործողությունները միանշանակ պետք է դիտարկել որպես ցեղասպանություն, որի նպատակն էր ոչնչացնել ազգային և կրոնական մի ամբողջ խումբ:
«Հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ: Արևմտյան Հայաստանը զրկվեց իր իրական բնակչությունից: Երիտթուրքերը ֆիզիկապես ոչնչացնելով այդ հողերում ապրող բնիկներին՝ իրենց համար լուծեցին «հայոց հարցը»», – գրում է Սնեգիրև:
Հունիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը գրանցվել է Ուկրաինայի Գերագույն Ռադայում: 2254 համարի օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը և Արսեն Ավագովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ