Ինչպե՞ս է Եվրամիությունը ցանկանում կառուցել Թուրքիայի հետ հարաբերություններ, որ վերջինս, ի վերջո, հասկանա, թե չի կարելի շրջափակված պահել հարևան երկրներին։ Այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը նման հարց ուղղեց Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Եվրոպացի պաշտոնյան ասաց. «Կարող եք չկասկածել, որ մենք ցանկացած հնարավորություն օգտագործում ենք Թուրքիայի հետ համաձայնության գալու առումով, սակայն Թուրքիայի հետ անդամության կարևոր նախապայման են հանդիսանում լավ հարաբերություններն իր հարևանների հետ»։
Բանախոսը հույս ունի, որ այս տարին Թուրքիա-ԵՄ հարաբերություններում կարևոր է լինելու։ «Մենք երկու տարի Թուրքիայի հետ որևէ նոր բանակցություն չենք վարել, բայց հոկտեմբերին նոր էջ ենք բացելու։ Հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում նոր իրավիճակ կստեղծվի և կայուն դինամիկա կապահովվի մեր հարաբերություններում։ Մենք շատ ենք մոտեցել Թուրքիայի հետ, և դա կբերի Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրմանն, ինչը դրական անդրադարձ կունենա ինչպես Թուրքիայի, այնպես էլ նրա հարևանների վրա»,- ընդգծեց պարոն Ֆյուլեն։
Վերջինս անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` կոչ անելով պաշտոնական Երեւանին «զարկ տալ իր ջանքերին` համաձայնության հասնելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ