Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն իր ձեռքի հեռախոսով հարցաքննել է վկային

Հուլիս 10,2013 20:01

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակել է քինգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Նախորդ դատական նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 25-ին, մեղադրանքի կողմը վկաներից մեկի համար պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում ընդունեց: Այսօր այն կիրառվել է:

Իբրեւ վկան ներկայացել է դատարան, իբրեւ վկան գտնվել է «կողքի սենյակում», իբրեւ պաշտպանական կողմի հարցերին պատասխանել է` հեռախոսով:

Վարաժ Մանուկյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց, որ դատարան ներկայացած վկային ինքը չի տեսել: Վկան, որը ներկայացել է Գրիգոր Ղազարյան անուն-ազգանունով, դատավորի ձեռքի հեռախոսով, բարձրախոսը միացրած է պատասխանել իր հարցերին: Շատ պատասխաններ ընկալելի չեն եղել:

Ըստ պաշտպանի, դա նախադեպ կարող է լինել մյուս քրգործերով, անհիմն պաշտպանական միջոց կիրառելու եւ հանցագործությունը չբացահայտելու համար:

Հիշեցնենք, որ ըստ այս վկայի, ինքը տեսել է, թե ինչպես է Վարաժը դանակով խփել տուժողին:

Խոսքը երկու տարի առաջ սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ «Ծիածան» խանութի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Օհանյանին դանակահարելու, սպանության մասին է:

Կրկին հիշեցնենք, որ այս գործում առկա է միայն Վարաժ Մանուկյանի ինքնախոստովանական ցուցմունքը: Վարաժը, որպես կասկածյալ հարցաքննվելիս չի ունեցել պաշտպան, իսկ առկա տեսաձայնագրումից պարզվել է, որ քննչական գործողություններին մասնակցել են մի խումբ անձինք, բացի քննիչից, կասկածյալին հարցեր են տվել գործով չպարզված անձինք: Արձանագրության մեջ չեն նշվել այն անձանց անունները, որոնք մասնակցել են հարցաքննությանը: Բացի այդ, Վարաժ Մանուկյանը եղել է մարմնական բազմաթիվ վնասվածքներով, որոնք հասցվել են բութ, կոշտ առարկաներով:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 18-ին:

Ի դեպ, պաշտպանական միջոց կիրառելու դեպքում, վկան կարող էր բերվել դատարան, պաշտպանական կողմից վերցվեր ստորագրություն անհատական-անձնական, դատաքննության արդյունքների, մասնավորապես իր հարցաքննության հետ կապված տվյալներ չհրապարակելու մասին, գաղտնիությունն ապահովելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031