Ինչպես տեղեկացրել ենք երկու օր առաջ գիշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 42 QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր Գյումրու կենտրոնական շուկայում տեղադրված կոշիկի, օծանելիքի տաղավարներին՝ դրանք ավերակ դարձնելով ու հսկայական նյութական վնասներ հասցնելով տեղի առևտրականներին:
Առևտրականների փաստելով, մեքենայի մեջ եղել են 5 երիտասարդներ, 5-ն էլ` հարբած վիճակում: Ըստ Գագիկ Շամշյանի, վթարի պատճառն այն էր, որ «Մերսեդես» մակնիշի մեքենային հետապնդել է մեկ այլ` «Ջիփ» մակնիշի մեքենա, անգամ հնչել են կրակոցներ, որի պատճառով էլ «Մերսեդես»-ի վարորդը բախվել է տաղավարներին: «Մերսեդես» մակնիշի վարորդը Համլետ Թումասյանն է, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու` Արկադիի աներձագն է, Գյումրու կոսմետիկայի «Նիվեա» խանութի սեփականատիրոջ որդին:
Այսօր այս դեպքը մանրամասնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը` տեղեկացնելով. «Հուլիսի 8-ին, գիշերը երկու ավտոմեքենաների վարորդներ, որոնց մեջ նաև գտնվել են այլ երիտասարդներ Սայաթ-Նովա փողոցի վրա ձայնային ազդանշան տալու կապակցությամբ մտել են վիճաբանության մեջ և ավտոմեքենաներով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը`բարձր արագությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, շարժվել են դեպի Շահումյան փողոց: Խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` հակառակ ուղղությամբ մտել են Շահումյան փողոց, և նրանցից մեկը բախվել է առևտրի կրպակներին` շուրջ 5 քաղաքացիների պատճառելով գույքային վնասներ: Իմ ցուցումով, անմիջապես ես զբաղվել եմ էդ դեպքով, հարուցվել է քրեական գործ` խուլիգանություն հանցակազմով և երկու ավտոմեքենաների վարորդներն էլ ձերբակալվել են: Էս պահին գտնվում են արգելանքի տակ»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ