Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «բաժակ բարձրացնելը», չինական հաջողության բանաձևն ու չինացիների ֆենոմենը. (Տեսանյութ)

Հուլիս 10,2013 17:37

Չինացի փորձագետ Շաուա Յանգը, ով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր է, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած միջազգային գիտաժողովի շրջանակներում այժմ գտնվում է Հայաստանում: Ինչպես տիկին Յանգը նշեց, 1997-ին ևս այցելել է Հայաստան և այդ տարվանից ի վեր Երևանն այնքան է փոխվել, որ նույնիսկ փողոցները չի ճանաչում, բայց «հայ ընկերներին, որոնց հետ անգամ բաժակ է բարձրացրել, շատ լավ է ճանաչում»:

Aravot.am-ը չինացի տնտեսագետի հետ զրույցում հետաքրքրվեց` ո՞րն է տնտեսության բնագավառում հաջողության հասնելու չինական բանաձևը` հաշվի առնելով այն փաստը, որ այսօր ողջ աշխարհը հիացմունքով է խոսում չինական տնտեսության զարգացման տեմպերի մասին: Նա պատասխանեց. «Հաջողության հասնելու չինական բանաձևը կառավարության և քաղաքացիների վճռականությունն է: Չինաստանն ուներ ընտրության երկու ճանապարհ` կամ պահպանել հին տնտեսական համակարգը, կամ այն բարեփոխել: Ուստի 1978-ին կառավարությունը որոշեց բարեփոխումներ իրականացնել տնտեսության բնագավառում»:

Պրոֆեսոր Յանգը չինական ֆենոմեն է համարում ձգտումը ու ավելի լավ կյանքով ապրելու անվերջ ցանկությունը: Իսկ Չինաստանի կառավարությանը Շ. Յանգը «գործնական» բնորոշումն է տալիս ու նշում. «Կառավարությունն անում է իր հնարավորությունների սահմանում առավելագույնը»: Մեր հարցին` ի՞նչ նկատի ունի` ասելով գործնական կառավարություն, չինացի տնտեսագետն այսպես պատասխանեց. «Գործնականությունն այն է, որ օրինակ`կապ չունի` կատուն սև է, թե սպիտակ, կարևորն այն է, որ մուկ բռնի: Մեր կառավարությունն ասում է` կարևորը փող աշխատելն ու հարստանալն է, կապ չունի ապրում ենք կապիտալիզմի, թե սոցիալիզմի հասարակարգում»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ չինական հրաշքի ներքո այսօր այս երկրում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ: Մեր զրուցակիցը մասնավորապես նշեց. «Չինաստանում հիմնական խնդիրը սոցիալական խավերի միջև գոյություն ունեցող շերտավորումն է, երբ հասարակության մեջ մարդիկ բաժանված են հարուստների և աղքատների: Խնդրահարույց է կառավարության կոռումպացվածությունը: Մտահոգիչ է այն, որ հասարակ քաղաքացիների ուսերին է օրվա հաց վաստակելու, երեխաներին կրթությամբ ապահովելու բեռը: Երկրում տիրող գործազրկության ծավալները ևս լուրջ խնդիրներ են առաջացնում»:

Ըստ պրոֆեսոր Յանգի` Չինաստանն այլևս այնքան մրցունակ չէ, որքան ժամանակին էր: Նրա փոխանցմամբ` հիմա հիմնականում գերադասում են Չինաստանում ներդրումներ անել արտադրության մեջ, քան Չինաստանից ապրանք գնել: Դա ավելի շահութաբեր է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031