«Դեյլի Բիսթ» լրատվականը անդրադառնալով Սիրիայի հակամարտությունում աշխատող լրագրող կանանց՝ զրուցել է նաև ամերիկահայ լրագրող Լառա Սեդրակյանի հետ, որը «Սիրիան խորքից» թվային մեդիա նախագծի հիմնադիրն է:
Սեդրակյանի կարծիքով վտանգավոր գոտիներում աշխատելու համար սեռը թերություն չէ. «Կարծում եմ, որ մոլորություն է ենթադրել է, թե կանայք չեն կարող մոտենալ ապստամբներին կամ նույնիսկ ապստամբների հրամանատարներին: Չեմ կարծում, որ այս հակամարտությունում ներգրավված անձանց մոտ մուտք գործելու համար սեռային խոչընդոտներ կան», – ասում է նա:
Սեդրակյանն ասում է, որ կանայք եզակի մոտեցում են ցուցաբերում իրենց պատմություններին: Նա ասում է, որ այս հակամարտությունում գտնվող կին լրագրողները անսահման նվիրվածությամբ են աշխատում՝ «չափազանց համբերատար են և ջանասեր»:
Սիրիայի հակամարտությունը համեմատելով խրոնիկական հիվանդության հետ՝ նա ասում է. «Դու չես լքում հիվանդին, քանի դեռ նա շնչում է: Սիրիայում աշխատող կին լրագրողները, որոնց ես եմ տեսել, հենց այդպիսի հետևողականություն և էթիկական մոտեցում են ցուցաբերում»:
Կարդացեք նաև
Լառա Սեդրակյանը նաև աշխատել է Եգիպտոսում 2011թ. հեղափոխության ժամանակ: Երևանում նա մասնակցել է TED-x զրույցներին՝ պատմելով Միջին Արևելքում իր ունեցած փորձի մասին: 2012թ. Մարի Քլեյր հանդեսը նրան ճանաչել է տարվա կանանցից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ