ՄԱԿ–ի կանխատեսումներով` մինչև 2050 թվականը Մոլդովայում կապրի ընդամենը 2,5 մլն մարդ: Այս առումով՝ Մոլդովան իր ժողովրդագրական վիճակով բացառություն չի ԱՊՀ երկրների շարքում, որտեղ բնակչության քանակը հիմնականում դեպի նվազում է գնում՝ ի տարբերություն Երկիր մոլորակի, որտեղ ընդհանուր առմամբ բնակչության թիվն աճում է: Հուլիսի 11-ին նշվող Ազգաբնակչության համաշխարհային օրվան ընդառաջ այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Երևան–Կիև–Քիշնև–Աստանա տեսակամուրջի ժամանակ, որի թեման «ԱՊՀ երկրների ժողովրդագրական իրավիճակը. Ընդհանուր մարտահրավերներ և մասնավոր խնդիրներ» էր, Մոլդովայի ներկայացուցիչը՝ Մոլդովայի գիտությունների ակադեմիայի և էկոնոմիկայի նախարարության Էկոնոմիկայի, ֆինանսների և վիճակագրության ինստիտուտի ժողովրդագրության բաժանմունքի ղեկավար Օլգա Գագաուզը ասաց, որ 3,6 մլն բնակչությամբ Մոլդովայում, իրենց ներքին կանխատեսումներով, բնակչությունը կպակասի ընդամենը 1 միլիոնով:
Այս երկրի համար արտագաղթը նույնպես լուրջ խնդիր է: «Մոլդովայից դուրս ապրում է 270-300 հազար Մոլդովայի քաղաքացի, եւ նոր ծնունդների գրեթե 10%-ը հենց դրսում է լինում»,-ասաց տիկին Գագաուզը, նշելով, որ դժվար է ծնունդների աճը խթանելը, սակայն կարելի է մարդկանց կյանքի որակի բարձրացման եւ առողջապահության զարգացման շնորհիվ կյանքի որակը բարձրացնելով՝ մարդկանց երկարակեցությունը ապահովել:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ՄԱԿ-ի կանխատեսումներ՝ Հայաստանի բնակչության քանակը 2050-ին կհասնի 3 միլիոնի, մենք կկորցնենք 200 հազար մարդ: Ինչ խոսք, այս տվյալները կարելի է լավատեսական համարել, քանի որ ՀՀ-ում բոլորս համոզված ենք, որ մեր բնակչության քանակը վաղուց արդեն 3 միլիոնից հարյուր հազարներով պակաս է:
Այդուհանդերձ, Հայաստանի անունից հեռուստակամուրջին մասնակցող ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը նկատեց, որ ՄԱԿ-ի նախորդ կանխատեսումներով Հայաստանի բնակչության թիվը 2050-ին պետք է հասներ 1,5-2 միլիոնի, այնպես որ ներկայիս թիվը մեծ հույսեր է ներշնչում:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Պողոսյանի՝ «Ներկայումս Երկիր մոլորակի բնակչության թիվը կազմում է 7 մլրդ, եւ կանխատեսվում է, որ մինչեւ 2050 թվականը այդ թիվը կհասնի 10 միլիոնի: Մեր երկրներից յուրաքանչյուրը հասկանալի պատճառներով պայքարում է, որ իր բնակչությունը չպակասի, այնինչ ողջ մոլորակի վրա հակառակ խնդիրն է՝ ինչպես անել, որ չափից դուրս չմեծանա բնակչության քանակը, քանի որ ռեսուրսները քիչ են մոլորակի վրա: Հայաստանում բնակչությունը այնքան փոքր է, եղած- չեղած 3 մլն ենք, որ յուրաքանչյուր հարյուր հազար մարդու պակասելն անգամ մեզ վրա ազդում է, մենք Ռուսաստան չենք… »:
Պարոն Պողոսյանը նաեւ նկատեց, որ անկախացումից հետո՝ շրջափակման, պատերազմի եւ տնտեսական կոլապսի արդյունքում մեր երկրից հեռացավ առնվազն 1,2 մլն մարդ՝ «գնացին ու չվերադարձան»:
Նա նաեւ ասաց, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք ունենում է 1,3 երեխա, ինչը նպաստում է բնակչության ծերանալուն՝ «Հայաստանը դարձել է ծերացող երկիր, մեզ մոտ 60-ն անց մարդկանց թիվը կազմում է բնակչության 16%-ը, իսկ դա ահռելի թիվ է»:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց Հայաստանում առկա ներքին միգրացիային՝ «գյուղերը դատարկվում են, մարդիկ կենտրոնանում են քաղաքներում, բնակչության 36%-ը քաղաքներում է բնակվում, այս թվով մենք աշխարհի հինգ երկրների թվում ենք, որ նման ցուցանիշ ունեն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ