ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, չի բացառվում ռուսական կողմի ճնշումը Հայաստանի գինեգործական ընկերությունների վրա, քանի որ վերջիններիս համար ռուսական շուկան ամենամեծն է, եւ քանի որ հայկական ընկերությունները չեն ապահովում գինու պահանջված որակը, ուստի Ռուսաստանը ցանկացած պահի կարող է վրացական պատմությունը սարքել հայերի գլխին. այսինքն` արգելել հայկական գինիների մուտքը Ռուսաստան: Այսօր նման կարծիք էր հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց ռուսական ճնշումից խուսափելու համար, ի՞նչ պետք է անի Հայաստանը:
«Ի՞նչ արեցին վրացիները, երբ նրանք զրկվեցին ռուսական շուկայից. իրենք 50 միլիոն շիշ գինի էին արտադրում ռուսական շուկայի համար, ռեալը` 15 միլիոնն էր, իսկ մնացածները` կեղծվում էին կամ Ռուսաստանում, կամ Վրաստանում, կամ` համատեղ: Երբ փակվեց ռուսական շուկան, նրանք սկսեցին գտնել այլ շուկաներ, որոնց համար բարձր որակ սկսեցին ապահովել : Հիմա վրացիներն ունեն 20 միլիոն շշի պայմանագրեր ռուսական շուկայի համար, 20 միլիոնից 5-7 միլիոնը դժվարանում են տալ: Այսօր վրացիները երկընտրանքի առջեւ են կանգնած` ձեռք բերված շուկաներից հանել իրենց գինին եւ ուղղել ռուսական շուկա, թե՞ ռուսականում չաշխատել, փորձել գտնել ոսկյա միջինը, իսկ նրանք մեծ դժվարությամբ գտել էին այլ շուկաներ եւ որակ էին ապահովում: Երկընտրանքի առջեւ են, պետք է որոշում կայացնեն, որովհետեւ չունեն այն պոտենցիալը, որպեսզի որքան պահանջվում է քանակ, համարժեք որակ ապահովել: Ռուսական շուկայի մրցակցությունը ստիպում է գնալ ցածր գների, իսկ սա նաեւ ցածր որակ է»,- ասաց պարոն Հարությունյանը:
Ի վերջո ի՞նչն է խանգարում հայկական արտադրողին բարձր որակ ապահովել, մեր այս հարցին էլ, պարոն Հարությունյանը պատասխանեց`«Մեզ խանգարում է հետեւյալը` մեր խաղողի 90%ը գնում է կոնյակ արտադրողներին, որոնք ռուսական շուկայում իրացման լուրջ խնդիրներ չունեն, իսկ գինի արտադրողները փող չունեն ռուսական շուկայում մարքեթինգ, գովազդ եւ առաջ մղման այլ գործիքներ կիրառելու: Այստեղ պետք է պետության աջակցությունը՝ ռուսական շուկայում դիվանագիտական եւ այլ միջոցներով: Այսօր դիմադրում է պետությունը, չնայած որոշակի աջակցություն անում է հայկական բրենդի համար»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին էլ, ինչ է իրենից ներկայացնում այսօր կառավարության նիստում ընդունած «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու որոշումը, պարոն Հարությունյանն ասաց` այդ որոշումն իրենից շատ վատ բան է ներկայացնում. «Խնդիրն այն է, երբ գրվեց օրենքը, հիմքում դրեցինք եվրոպական մոտեցումները. մասնավորապես վերահսկողության բնագավառում: Մեթոդներ են սահմանված, որը իսպառ կբացառեր կեղծարարությունը, հիմա այդ կետերը, որոնք կբացառեին դա, երկարաձգեցին, պետք է ուժի մեջ մտնեն 2017 թվականի հունվարի 1-ին»: Իսկ այդ որոշումն, ըստ էության, մի քանի տարի էլ ժամանակ տվեց կեղծարարներին:
Ինչ վերաբերում է խաղողի բերքին, ապա այն ինչ կանխատեսել է գյուղնախարարությունը, ըստ Ավագ Հարությունյանի, դժվար թե ստացվի:
«Գյուղնախարարությունն ասում է ռեալ թվերից եւ երկնքից, ասում են` 250 հազար տոննա, եթե հաշվարկենք, թե` որքան ծախեն, ուտեն, տակը մնում է 160 հազար տոննա, հիմա ասում են` գինու գործարանները պիտի մթերեն 160 հազար տոննան: Հիմա կոնյակի գործարանը 35 հազար տոննա է մթերելու,, Նոյը`40 հազար տոննա, Պռոշյանը` 25-28 հազար տոննա, ու այդպես բաշխում են, շուկան կորեկցիա է անում, բայց չեմ կարծում, թե 150 հազար տոննա կլինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ