Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գյումրու Կամոյի 51 առանձնատան դիմաց, թիվ 4-րդ դպրոցի հարևանությամբ, դանակահարվել էր այդ տան 34-ամյա տղան` Արթուր Գևորգյանը, որը մասնագիտությամբ ստամոտոլոգ է:
Քիչ առաջ եղանք դեպքի վայրում, որտեղ և հանդիպեցինք դանակահարված երիտասարդի 87-ամյա պապի հետ: Նշենք, որ տունը հսկվում էր ոստիկանի կողմից, որը մեզ տեսնելով` հեռացավ:
Պապիկը անչափ հուզված, գրեթե արտասվելով պատմեց, որ իր ընտանիքը երբևէ նման կռվի մեջ չի եղել, ապրել է օրինապահ կյանքով, սակայն իրեն անհայտ մարդիկ հարձակվել են տան վրա ու դանակահարել են թոռանը: «Ես ի՞նչ գիտեմ, թե ովքեր էին նրանք, ստիպված տղաս իր օրինական, փաստաթուղթ ունեցող զենքով կրակեց օդ, որպեսզի հեռանային, եթե չկրակեր հիմա տղաս ու թոռներս կենդանի չէին լինի: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ բան է ծնողը, ով տեսնում է թոռանը արյան մեջ թաթախված: Ես տանն էի, լսեցի ձայներ, բայց մինչև դուրս եկա, արդեն ավարտված էր, էլ բան չգիտեմ իմ ուշքումիտքս էրեխեքն էին: Գիտեմ, որ տևել է մոտ 5-7 րոպե, ոստիկանությունը անմիջապես եկավ, բայց արդեն դրանք փախել էին, չկային:Կանայք ճչում, արտասվում էին», -ասաց պապը` Սերյոժա Գևորգյանը:
Հարևանուհին էլ պատմեց, որ ինքը տանն է եղել ու վախեցել է տնից դուրս գալ: «Ոսկերիչ Աղվանը երկու տղա ունի, մեր մայլի մեջ Աղվանի տղաների պես չկա, սա շշմելու բան է, նրանց դռների տեղը միլիցեքը չգիտեին. Նրանք՝ քյասիբներին հասնող, մարդամոտ, շնորհքով, բարոյական: Ես չգիտեմ, ովքե՞ր են նրանց տան վրա հարձակվել, ես հիվանդ էի, ես դեպքը չեմ տեսել, միայն կրակոցի ձայն եմ լսել, ես թոռնիկիս ասի արի ներս, կարող է լուսամուտից էլ կրակեն»,- ասաց հարևանուհին: Տիկինը նաև ասաց, որ «մի երկու հատ են կրակել ու վերջ»:
Կարդացեք նաև
Ոսկերիչի որդուն` դանակահարված ատամնաբույժ Արթուր Գևորգյանին վիրահատել են Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում: Վիրաբույժ Տիտիրյանը փոխանցեց հետևյալը. «Ամսի 9-ին ժամը 22.50 սահմաններում Արթուր Գևորգյանին հիվանդանոց են տեղափոխել հարազատները, որովային առաջնային պատի կտրած, ծակված վերքով, վերքը եղել է թափանցող, ծանր վիճակում:Կարճատև հետազոտությունից հետո հիվանդը վերցվել է վիրահատության, կատարվել է որովայնահատում, պարզվել է, որ վերքը թափանցել է ստամոքս`վնասելով ստամոքսի առաջնային պատը, չափավոր քանակի է եղել և ստամոքսի պարունակությունը, և արյուն է եղել կուտակված որովայնի խոռոչում: Մաքրվել է որովայնի խոռոչը, վնասված օրգանը` ստամոսքի առաջնային պատը կարվել է: Ներկա վիճակում հիվանդը գտնվում է հետվիրահատական պալատում` ռեանիմացիայի, կարելի է համարել հիվանդի վիճակը կայուն»:
Ըստ բժշկի, մի շաբաթից, տաս օրվա ընթացքում կապաքինվի: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էլ տեղեկացրեց. «Երեկ երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի վրա գտնվող կրպակներից մեկի առջև նույն փողոցի բնակիչներ հայր և որդիներ Աղվան, Արտյոմ և Արթուր Գևորգյանները գումարային հարցի շուրջ, նախկինում ունեցած պարտք ու պահանջի կապակցությամբ վիճաբանության մեջ են մտել նույն թաղի բնակիչներ Մարտին Գալստյանի և Արթուր Ասատրյանի հետ, քաշքշել են միմյանց, և տեղի է ունեցել ծեծկռտուք: Այնուհետև մի խումբ անձինք` դեռևս ինքնությունը չպարզված, հիշյալ վիճաբանությունը շարունակելու շարժառիթով մոտեցել են Գևորգյանների տանը, դուրս են կանչել հայր և որդիներ Գևորգյաններին, և ինքնությունը չպարզած անձանցից մեկը նրան դանակահարել է որովայնի շուրջ կտրող-ծակող գործիքով, մարմնական վնասվածքներ է պատճառել Արթուր Գևորգյանին, որից հետո Աղվան Գևորգյանը իրեն օրինական կարգով պատկանող «Սայկա» տեսակի հրացանից երեք անգամ օդ է կրակել, և այդ վիճաբանության մասնակիցները դիմել են փախուստի: Այս պահին հարուցված է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով` անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ, և կատարվում է ակտիվ նախաքննություն, ձեռնարկվում են նաև ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցներ` դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»:
Դատախազն ասաց, որ կան կասկածվող անձինք, որոնց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, իսկ թե ով է ում գումար պարտք եղել, Կարեն Շահբազյանը խոստացավ լրացուցիչ տեղեկություններ հայտել ավելի ուշ՝ հետագայում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ