Այսօր կառավարությունը պաշտոնապես ներկայացրեց Սյունիքի նոր մարզպետին՝ Վահե Հակոբյանին: Aravot.am-ը Սյունիքի մարզի Հացավանի գյուղապետ Շուշան Մարգարյանից հետաքրքրվեց, թե գո՞հ է այդ ընտրությունից եւ ինքն ո՞ւմ էր տեսնում այդ պաշտոնում՝ Սուրեն Խաչատրյանից հետո:
Գյուղապետը պատասխանեց, որ Վահե Հակոբյանին չի ճանաչում. «Ակնկալիքները նրանից բավականին մեծ կլինեն, որովհետեւ արդեն 5-րդ տարին է՝ ես աշխատում եմ այս համայնքում, իր հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ինչ-որ տեղ նաեւ ինքն էլ մեզ շատ գործերում աջակցել է: Եթե համայնքում ինչ-որ հիմնարար խնդիրներ ենք լուծել կամ ինչ-որ ծրագրեր ենք իրականացրել, հիմնականում Հակոբյան Մաքսիմն է մեզ օգնել: Վահեին էլ ճանաչում եմ որպես դեպուտատ, չեմ կարող ոչ մի կարծիք հայտնել»:
Մեր հարցին՝ այսինքն այս 5 տարիների ընթացքում, ինչ Դուք գյուղապետ էիք, փոխանակ համայնքի խնդիրները մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը լուծեր, Մաքսիմ Հակոբյա՞նն է լուծել՝ Շուշան Մարգարյանը պատասխանեց. «Սուրեն Խաչատրյանը, ճիշտն ասած, հետեւողական էր բավականին: Օրինակ, ինչ իրա հասցեին խոսում են, ինչ են անում, դա մեզ չի հետաքրքրում, բայց իմ աշխատելու տարիներին ինքը բավական ե՛ւ աչալուրջ է եղել, ե՛ւ նվիրված, ինչքան որ ես իրա նիստերին մասնակցել եմ, լսել եմ: Որպես իմ ղեկավար՝ ոչինչ չունեմ ասելու, կոպիտ մարդ է եղել, հետեւողական է եղել, բայց ծրագրերը իրականացնելով՝ ներդրումները բոլորը համարյա կատարել է: Եթե մարզպետարանը կոնկրետ դրամական աջակցություն չի կարողացել անել, դա համատեղ Մաքսիմ Հակոբյանի միջոցով է եղել: Շատ հարցեր են եղել: Ընտրություններից բացի, հանկարծ ընտրությունների հետ չխառնեք էլի ամեն ինչ, ասենք, թե աջակցություն է պետք եղել, մարզպետը եկել է, հանդիպումներ է ունեցել, Մաքսիմ Անուշավանիչն էլ է եղել, իրար հետ օգնել են: Կոնկրետ Վահեի հասցեին ես չեմ կարա ոչ մի բան ասեմ: Իսկ թե ում կուզենայինք տեսնել, ես, ճիշտն ասած, չգիտեմ»:
Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում էր նաեւ Խաչիկ Ասրյանի անունը: Հացավանի գյուղապետն ասաց, որ նրա անունը միայն հեռուստացույցով է լսել. «Ինտերնետում էլ կար, երբ իմացա կարող է մարզպետը լինի, հետաքրքրվեցի՝ ճիշտն ասած, իմանամ ով է Խաչիկ Ասրյանը: Դե, չգիտեմ, ես ոչ ազատամարտիկ, ոչ կռվող եմ եղել, ոչ իմ մարտական ընկերն է եղել, կոնկրետ առնչություն չեմ ունեցել: Իմ աշխատանքի ընթացքում որպես սյունեցի ինքը ոչ երեւացել է, ոչ օգնել է, չգիտեմ, ես Խաչիկ Ասրյանի մասին կարծիք չեմ կարա ասեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Վահե Հակոբյանն էլ ՆՇԱՆԱԿՎԱԾ է կլանի կողմից. ուստի` ուզի-չուզի, ՊԻՏԻ պաշտպանի կլանի շահերը: Պետք չէ ԱՅԴՔԱՆ միամիտ լինել կամ ձևանալ:
Երբ որ մարզպետին ԸՆՏՐԻ ժողովուրդը, այն ժամանակ միայն ակնկալիքներ կարող եք ունենալ:
Ոչ կոռեկտ և ապակողմնորոշող վերնագիր:
Հռիփսիմեին ընդունում եմ, որպես պրոֆի, սակայն սենսացիոն վերնագիր սարքելու գայթակղությունն իրենն արել է: Նաև վերնագրից անձնական զգացմունքայնության և հոտ է գալիս: «Առավոտին» դա հարիր չէ: