Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան

Հուլիս 10,2013 16:13

«Եկել եմ հաստատ մի որոշմամբ, որ այստեղ եմ մնալու, իմ հոգու տունը չեմ փոխի ոչնչի հետ»,- ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, որն արդեն երկուսուկես ամիս է՝ ինչ ընտանիքով վերադարձել է Հայաստան: Նրա Հայաստան վերադարձի ճանապարհին մեծ դեր է ունեցել որդին, որը որոշել է երեխային մեծացնել հայրենիքում:

Գրականությամբ զինված է եկել: Պատմեց Հայաստանում նախատեսած իր ծրագրերի մասին: Ունի մի քանի հեռուստասցենարներ, որոնք առաջարկել է տեղի հեռուստաընկերություններին: «Այս ծրագրերը ոչ միայն ինձ են պետք, այլ Հայաստանին՝ մշակութային ոլորտին»,- նշեց դերասանուհին:

«Արի ամուսնանանք» պիես է գրել, որտեղ պատմում է այն, թե ինչ է տեսել ԱՄՆ-ի հայ համայնքում, սյուժեն կազմված է իրականության հիման վրա: «Այն, թե ինչ է նշանակում ապրել օտարության մեջ, չես կարողանում հարմարվել, մնում ես օտար մարմին, օտար երկրում»,-ասաց նա:

Թե ինչո՞ւ է հեռացել երկրից, դերասանուհին բացատրում է նրանով, որ իրենց ժամանակաշրջանը դժվարին էր:

«Իմ սերնդի կյանքը, եթե համեմատեմ մեզնից առաջ սերնդի հետ, նրանք փառավորապես կայացան, ոչ միայն նրա համար, որ իրենք տաղանդավոր եւ հետաքրքիր էին, այլ խրուշչովյան ձնհալի ժամանակ, երբ շատ դռներ բացվեցին: Տեսեք՝ ինչ արդյունք տվեց, սերնդով մտան ասպարեզ, սերնդով հասունացան: Մենք ասպարեզ մտանք յոթանասունականների կեսերին, եւ երբ մեր հեթն էր, երկիրը փլվեց: Այդ ահռելի կայսրությունը փլվեց մեր սերնդի մեջքին»,- պարզաբանեց Թամար Հովհաննիսյանը:

Ծրագրած նախագծերից կարեւորագույնը համարում է Մհեր Մկրտչյանին նվիրված նյութը, որի սցենարն արդեն պատրաստ է: Դիալոգ է լինելու իրենց երկուսի մեջ, խոսելու է օբյեկտիվի առջեւ, այսինքն՝ Մհեր Մկրտչյանը չի երեւալու: Այն նվիրված է դերասանուհու եւ Մհեր Մկրտչյանի համատեղ կյանքին:

«Այդպես անպատասխանատու ձեւով վերաբերվեցին Մհեր Մկրտչյանի մասին այդ ֆիլմը նկարելով: Տասը փաստ է ներկայացվում, որից ինը սխալ է: Թե Հայաստանում, թե Մոսկվայում, ուղղակի դիտորդ ունենալու հարցը լուծեցին»,- ասաց նա:

Վերադարձը կապում է նաեւ մեծն դերասանի հետ, սակայն չցանկացավ շատ մանրամասնել:

Ինչպես նաեւ գիրք-ալբոմ պետք է անի, ունի որոշ իրեր՝ օրացույց, գրառումներ եւ այլն:

«Մարդկանց ապացուցելու բան չունեմ, դա ինձնից շատ հեռու բան է, ես չեմ իջնի իմ մակարդակից եւ չեմ ասի՝ գիտեք՝ էդ բանը տենց չի եղել, սենց է եղել: Ես իմ կարծիքով ապրող մարդ եմ: Մարդիկ, որ երբեք չեն տեսել ոչ ինձ, ոչ Մհերին, չեն կարող ասել, թե ինչ է եղել: Ես իմ պարտքը կատարած կլինեմ, երբ կվերջացնեմ վերը նշված ծրագրերը»,- հայտնեց դերասանի կինը:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031