Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը կրկին հետաձգվի կառուցապատման ընթացքում Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների պատճառով, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարճ պատասխանեց` «չէէէէ, նորմալ է ամեն ինչ»:
Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղին շահագործող «Կինգ Դե լյուքս» ընկերության նոր ավտոբուսների շնորհանդեսին Հանրապետության հրապարակում մասնակցելու եկած նախարար Բեգլարյանից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե որքանով կթանկանա գազով աշխատող հասարակական տրանսպորտը, տաքսիները նույնպես թանկանալո՞ւ են, թե՞ ոչ եւ ինչո՞ւ հենց տնտեսվարողները հայտ չեն ներկայացնում թանկացման, այլ նախարարությունն ինքն է հանձնաժողով ստեղծել, որ քննարկի` թանկացնի՞ տրանսպորտի ուղեվարձը, թե՞ ոչ:
«Իրենք շատ լավ գիտեն, որ դիմեն, որպեսզի մենք գին բարձրացնենք, մենք չենք գնա այդ քայլին: Հանձնաժողովը մանրամասն կաշխատի իրենց կասի, ինչ գնի սահմանում իրենք իրավունք ունեն դիմելու եւ բարձրացնելու»,-ասաց Գագիկ Բեգլարյանը: Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Նոր ավտոբուսները ներկրած «Կինգ Դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն էլ, որն առավել հայտնի է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների` նույն երթուղի դուրս գալուց տուժած լինելով, Aravot.am-ի հարցին, թե բարեգործական երթուղիների հետ կապված լուծվե՞ց ձեր խնդիրը, Ա. Հարությունյանն ասաց. «Այդ հարցի պատասխանը խնդրում եմ մեզ չտաք»:
Կարդացեք նաև
«Կինգ Դե լյուքս»-ի սեփականատերը մեկ այլ լրագրողի, որի հարցը նույնպես առնչվում էր ԲՀԿ-ի բարեգործական ավտոբուսներին, ասաց. «Ընդհանրապես բառերը ճիշտ ձեւակերպենք, դա բարեգործություն չէ, չարագործություն է, թեման փակենք լա՞վ: Ինձ պրովոկացիոն հարցեր եք տալիս ես չեմ ուզում ձեր հարցերին պատասխանել»:
Հարցին, թե ավտոբուսները հարմարեցվա՞ծ են հաշմանդամների համար, գծի սեփականատերն ասաց. «Մենք ասել էինք, որ ամեն ինչ անեն, այդ հարմարությունը ստեղծեն, բայց գործարանում չկարողացան: Այստեղ պիտի արհեստական հարմարություն սարքենք, որ ավտոբուսի ներսում դրվի եւ հաշմանդամների համար օգտագործվի»: Ըստ Ա. Հարությունյանի` այս նոր ավտոբուսները, որոնք ներկրված են Չինաստանից, փոխարինելու են թիվ 259 ավտոբուսի գծում եղած «Բոգդաններին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ