Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների խորհուրդներ՝ ծովային հանգստի մեկնողներին

Հուլիս 10,2013 15:51

Ամառ, արև, շոգ և արևակեզ եղանակ. ճիշտ ժամանակն է ճամպրուկները կապելու և մեկնելու ծովային հանգստի: Ինչպե՞ս պատրաստվել, ի՞նչ ունենալ ձեռքի տակ, ինչպե՞ս խուսափել տհաճ անակնկալներից, հատկապես ո՞ր ժամերին արևայրուք ընդունել և ինչպե՞ս զերծ մնալ այրվածքներից. այս և մի շարք այլ հարցերի մասին, փորձեցինք զրուցել և ճիշտ խորհուրդներ ստանալ հենց բժիշկներից:

Ինչպե՞ս խնամել մաշկը ծովային հանգստի մեկնելուց առաջ:
«Հելիոս դերմատո» կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-կոսմետոլոգ Զարուհի Փափանյան.

-Մաշկը միշտ ունի խոնավեցման և սնուցման կարիք. ամռանը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել խոնավեցմանը, քանի որ այն հիմա ավելի շատ է ջրազրկվում։ Մաշկի կրած վնասները մեծ են հատկապես ամռանը: Բոլոր տիպի մաշկերն ունեն ինդիվիդուալ մոտեցում, սակայն անկախ ամեն ինչից, ցանկացած մաշկ առաջին հերթին պետք է մաքրվի: Ամեն երեկո մաշկը, անկախ տիպից, պետք է մաքրել՝ մաշկի տիպին և եղանակին համապատասխանող նյութով։ Առավոտյան պետք է ուղղակի լվացվել ջրով, քսել խոնավեցնող թեթև քսուկ, որի վրա միայն անել հիմնական դիմահարդարանքը: Եթե 35-ն անց կանանց թե ամռանը, թե ձմռանը խորհուրդ է տրվում օգտագործել յուղոտ, սնուցող քսուկներ, ապա ավելի երիտասարդներին` միայն խոնավեցնող: Ամռանը, սակայն, բոլոր տեսակի մաշկերի համար նախատեսված քսուկները պետք է արևապաշտպան ֆիլտրեր ունենան:

Ինչպե՞ս խուսափել այրվածքներից. արևայրուքի դրական և բացասական կողմերի մասին:
«Թիվ 19 պոլիկլինիկա»-յի մաշկաբան-վեներոլոգ Հայկ Խաչատրյան.
-Նախ պետք է հիշել, որ արևայրուք ընդունելու ցանկալի ժամերն են 12:30-13:00 և երեկոյան արդեն 17:00-ից սկսած: Ծովային հանգստի մեկնելուց առաջ ձեռքի տակ պարտադիր պետք է ունենալ արևապաշտպան քսուքներ, իհարկե հատուկ տոկոսային հարաբերկացությամբ: Հատկապես պետք է ուշադիր լինեն գերզգայուն մաշկ ունեցողները և օգտագործեն հատուկ արևապաշտպան քսուքներ: Նման քսուքներ ցանկալի է օգտագործեն բոլոր տիպի մաշկ ունեցողները` հնարավոր հետևանքներից խուսափելու համար: Շատ հետևողական պետք է լինել հատկապես ծովային հանգստից ետ վերադառնալու ժամանակ, եթե ընդունում եք արևայրուք և վերադառնում կարմրած, կիսայրվածքներ ստացած, ապա խորհուրդ չի տրվում դիմել ավանդական միջոցներին, այն է՝  մաշկը մշակել մածունով, ադիկալոնով, պետք է անպայման դիմել բժշկի, որպեսզի կարմրացծւթյունը ավելի խորը այրվածքների չհասնի: Պետք է հիշել, որ կան մի շարք մաշկային հիվանդություններ, որոնց ժամանակ խորհուրդ են տրվում արևային վաննաները, ուստի ծովային հանգստի մեկնելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ, տեղեկանալ խնդրի մասին, հետո նոր միայն մեկնել հանգստի»:

Ինչպե՞ս ճիշտ սնվել.
«Թիվ 19 պոլիկլինիկա»-յի ինֆեկցիոնիստ Գայանե Սահակյան.

-Ինչպես յուրաքանչյուր եղանակին, հատկապես ամռանը ծովային հանգստի ժամանակ , պետք է ճիշտ սննդակարգ պահպանել: Սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում շատ հեղուկներ օգտագործել: Շատ մարդիկ կարծում են, որ եթե չեն ծարավում, ուրեմն կարող են ջուր չխմել, սակայն  պետք է չսպասել ծարավելու զգացողությանը, որովհետեւ ծարավն ինքնին ջրազրկման նշան է, մարդը ծարավում է միայն այն ժամանակ, երբ ջրազրկված է, իսկ առողջ մարդը երբեք ծարավի զգացողություն չի ունենում: Մի սպասեք, որ ծարավեք: Զովացուցիչ ըմպելիքներով հագենալը ևս մեկ սխալ է, որովհետև դրանք հիմնականում գազով գունավոր ըմպելիքներն են,  որոնք ավելորդ շաքարի և քիմիայի աղբյուր են: Այս դեպքում երբ մենք խորհուրդ ենք տալիս խմել հեղուկ, նշանակում է խմել միայն ջուր կամ թեյ՝ առանց մեղրի և մուրաբաների, կարելի է ուղղակի ցիտրուսներ ավելացնել: Այն մարդիկ, ովքեր ունեն բարձր զարկերակային ճնշում, պետք է օգտագործեն ոչ ավելի, քան մեկուկես լիտր, իսկ երիկամային խնդիրներ ունեցողները մինչև մեկ լիտր ջուր:
Խորհուրդ է տրվում նախաճաշել  վաղ առավոտյան, ցերեկը` մինչեւ 12:00-ից և 13:00-ն, բաց չթողնել ճաշը, որպեսզի արդեն երեկոյան ուտելու ցանկություն չառաջանա: 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ շատ շոգ է` կարող եք միրգ ուտել, իսկ արդեն երեկոյան օգտագործել կաթնաթթվային սննդամթերք: Հարկ է նշել, որ ծովային հանգստի և առհասարակ ամռանը պետք է հրաժարվել ճարպոտ սննդամթերքից, սնվել`լոբազգիներով, ընդեղենով, օգտագործել  ձու` կրկին խիստ ուշադրություն դարձնելով դրանց ժամկետներին:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031