Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական տնտեսական պատերա՞զմ` ասոցացման համաձայնագրից հետո (Տեսանյութ)

Հուլիս 10,2013 15:27

Իսկական հայկական գինիների համը կորցնում ենք: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա ներկայացմամբ` արդեն մոդայիկ է դառնում եվրոպական խաղողի սորտի մասնակցությունը հայկական գինիներում. «Սա իհարկե, բերում է համերի մոտեցմանը`եվրոպական ճաշակին, քիմքին սովոր հատուկ գինիների ստեղծմանը: Բայց կարծում եմ, վտանգավոր է այն առումով, որ մենք հեռանում ենք հայկական գինի հասկացողությունից: Իմ համոզմամբ` պետք է հայկական խաղողի ավելի շատ պոտենցիալ ընտրել, ավելի շատ լավը կորզել, այլ ոչ թե այդ լավը փոխարինել դրսի լավով»:

Պարոն Հարությունյանը նաեւ ուրախալի լուր ասաց. «Հայկական գինիներ» բրենդով մոտ ապագայում մի քանի ընկերություններ կմասնակցեն միջազգային ցուցահանդեսներին, այստեղ, ինչպես ասաց գինեգործը, թեեւ քիչ, բայց կառավարությունն իր աջակցությունն է ցուցաբերել եւ որոշակի գումար է տրամադրում ցուցահանդեսների մասնակցող ընկերություններին: Իսկ այդ ցուցահանդեսները լինելու են այս տարվա նոյեմբերին` Շանհայում, եկող տարի Մոսկվայի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն գինեգործական ընկերությունները, նաեւ Դյուսելդորֆի ցուցահանդեսին, իսկ այս տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում կանցկացվի հայկական գինու օր միջոցառումը:

Վայոց Ձորում էլ նախատեսվում է, ինչպես պարոն Հարությունյանն ասաց`ստեղծել գինու համալսարան եւ արդեն ֆրանսիական կողմի հետ պայմանավորվածություն կա:

Առաջիկայում նախատեսվում է նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ կտա այս համաձայնագիրը հայկական գինեգործներին, այս հարցին, պարոն Հարությունյանն ասաց, որ նախ` տնտեսական առումով` գինեգործները կազատվեն 12 % հավելյալ այն հարկից, որը վճարում են խցան եւ շիշ ներկրելու դեպքում, իսկ խցան Հայաստանում չի արտադրվում, շիշ արտադրող գործարանն էլ մեկ հատ է, որը չի հասցնում բավարարել եղած պահանջարկը: Բացի այս, ըստ պարոն Հարությունյանի, քվոտաների հարցում մենք կունենանք զիջումներ, այսինքն` ռեժիմներ, որոնք կհեշտացնեն մուտքը եվրոպական շուկա, բայց միեւնույն ժամանակ, մենք մտնում ենք որակի վերահսկելի խիստ դաշտ, որը պետք է պարտադրի մեզ անցնել ավելի բարձր որակի դաշտ, իսկ սրան մենք պատրաստ չենք:

Պարոն Հարությունյանի խոսքերով, Ասոցացման համաձայնագրին միանալուց հետո քաղաքական բացասական հետեւանքներ էլ կլինեն, որենք կազդեն գինեգործների վրա. Այսինքն՝ հնարավոր է կրկնվի ռուս-վրացական տնտեսական պատերազմի սցենարը` հայ-ռուսական տարբերակով. «Կլինեն ռեակցիաներ մյուս կողմից` Ռուսաստանից: Սրա ամենացավալի վախճանը կամ նպատակը կլինի ռուս-վրացական տնտեսական պատերազմի արդյունքը, չենք կարող չխուսափել այն սանկցիաներից, որոնք կարող են կիրառել ռուսները, որովհետեւ կան որակի խնդիրներ, որոնց վրա աչք են փակում թե ռուսները, թե հայերը, իսկ քաղաքական որոշակի ենթատեքստերի առկայության պարագայում դրանք կարող են առաջ քաշվել»: Իհարկե, այդ պատերազմը, ըստ պարոն Հարությունյանի, նույն դաժանությամբ եւ նույն մակարդակով չի լինի Հայաստանի դեպքում, բայց խնդրին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ մեր գինիների 70%-ը, իսկ կոնյակի 90%-ը սպառվում է հենց ռուսական շուկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031