Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյանի ՀՀԿ-ական թեկնածուն կշնորհավորի ՀՅԴ-ականին, եթե…

Հուլիս 10,2013 15:20

Ինքնաբացարկի դիմած Պռոշյան համայնքի գյուղապետի թեկնածու Ցոլակ Գրիգորյանը նախօրեին դժգոհել էր, որ Պռոշյանում պայթյունավտանգ իրավիճակ է, եւ երկու բեւեռները իրավիճակը սրացնում են ու շեղում են բուն ընտրական գործընթացը, դիմում ամենալկտի միջոցների` փոխադարձ վիրավորանքներ, ձայն մուրալու անընդունելի գործողություններ են անում:

Aravot.am-ը զրուցեց Պռոշյանի ՀՀԿ-ական գյուղապետի թեկնածու Արթուր Մուրադյանի հետ:

«Սխալ արտահայտություններ է ինքը արել, որ նման արտահայտություններ է ասել: Նման բան էլ գյուղում չկա, ոչ մի պայթյունավտանգ իրավիճակ, ոչ մի փոխադարձ վիրավորանք, ոչ մի լկտի պահվածք: Շատ խախանդ, ընթացիկ անցնում է քարոզարշավը»,- ասաց պարոն Մուրադյանը` հերքելով ինքնաբացարկի դիմած թեկնածուի պնդումները:

Նա նաեւ վստահեցրեց, որ գյուղը երկու բեւեռների բաժանված չէ, ու ինքը հակասություններ չունի ՀՅԴ-ական թեկնածուի հետ. «Շատ նորմալ հարաբերություններ ունենք, ոչ թշնամի ենք, ոչ էլ…ինչի մասին է խոսքը»

Մեր հարցին, թե ինչու միանգամից գյուղապետի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմեց, պարոն Մուրադյանը պատասխանեց. «Հետաքրքրության համար են առաջադրվել, իրենք էլ չեն կարողանում իրենց պատասխանը տալ»:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այս ընտրություններից ինչ սպասելիքներ ունի` հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններին պարտվեց. «Շատ բարձր շանսեր ունեմ, ժողովուրդն ինձ շատ հարգում ու սիրում է, դեռ չեմ հիասթափեցրել մեր ժողովրդին: Շատ գործեր եմ արել գյուղի համար»:

Մեր հարցին, թե նախորդ ընտրություններին` ձեր պարտությունից հետո լրատվամիջոցներով մի շարք հրապարակումներ եղան, թե չեք ներել ՀՅԴ-ական թեկնածուի հաղթանակը ու ծեծկռտուք եք սարքել, այս անգամ ինչպե՞ս կընդունեք ձեր պարտության լուրը, պարոն Մուրադյանն ասաց. «Նման բան չի եղել, ձեզ հավաստիացնում եմ, որ ծեծկռտուք, մանավանդ գյուղապետի հետ, չի եղել: Եղել է վիրավորանք ուրիշի նկատմամբ , Հրաչ Մուրադյանի հետ կապ չունեցող հարց է եղել, էդ կարող եմ միայն ասել: Անցած անգամ էլ եմ շնորհավորել հաղթող գյուղապետին, այս անգամ էլ եմ այդպես անելու, ես խնդիր չունեմ: Մենք նույն գյուղում ենք ապրում, ամեն օր իրար երեսի ենք նայում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031