Ներկայումս Ռուսաստանում բնակվում է ավելի քան 143 մլն մարդ, սակայն, ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչեւ 2050 թվականը Ռուսաստանի բնակիչների թիվը կնվազի եւ կհասնի 120 մլնի: Այս կանխատեսումը ՄԱԿ-ն արել է Ազգաբնակչության համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է հուլիսի 11-ին: Այդ կապակցությամբ այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ Մոսկվա–Երևան–Կիև–Քիշնև–Աստանա տեսակամուրջ` «ԱՊՀ երկրների ժողովրդագրական իրավիճակը. Ընդհանուր մարտահրավերներ և մասնավոր խնդիրներ» թեմայով։
Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի տնտեսագիտության ֆակուլտետի ազգաբնակչության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վալերի Ելիզարովը նկատեց, որ չնայած ՄԱԿ-ի ներկայացրած կանխատեսումը՝ Ռուաստանի վերաբերյալ, բավականին ողբերգական է, սակայն այն շատ լավատեսական է այն կանխատեսման համեմատ, որը ՄԱԿ-ն արել էր 10 տարի առաջ. «Ճիշտ է, իրականում, թե որքան մարդ կմնա Ռուաստանում, մենք կիմանանք միայն 2050 թվականին, սակայն պետք է նշեմ, որ տաս տարի առաջ ՄԱԿ-ը կանխատեսում էր, որ նույն 2050-ին ՌԴ-ում 100 մլն-ից ավելի չի լինելու ազգաբնակչությունը: Այնպես որ՝ գուցե մինչեւ այդ էլ իրավիճակը զգալիորեն փոխվի»:
Այսպիսի լավատեսական գնահատական տալու համար պարոն Ելիզարովը բավականին ծանրակշիռ հիմք ունի՝ չնայած ծնելիությունը նրա երկրում տարեցտարի նվազում է, սակայն ներգաղթի շնորհիվ, այդ թվում՝ Հայաստանից արտագաղթողների, իրավիճակը երկրում շտկվում է: Ըստ պարոն Ելիզարովի՝ նախորդ տարի ռեկորդային է եղել նաեւ ՌԴ-ում մահացածների եւ ծնվածների տարբերությունը՝ ընդամենը 4000 մարդ: Նախկինում այդ թիվը հասնում էր մինչեւ 90 հազարի: Եվ այդ ամենը՝ շնորհիվ ներգաղթյալների:
Ինչ վերաբերվում է Ուկրաինային, ապա, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, այս երկրում 2050 թվականին բնակչության թիվը կհասնի 33 միլիոնի՝ ներկայիս 45,5 միլիոնի փոխարեն, այսինքն՝ բնակչության գրեթե 1/3-ով կրճատում:
կդառնա 33 մլն, սարսափելի թիվ է, մեկ երրորդով կկրճատվեն:
Կարդացեք նաև
ՈՒԳԱԱ Մ.Վ.Պտուխայի անվան Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ժողովրդագրական գործընթացների և ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Իրինա Կուրիլոն էլ նշեց, որ իրենք այնքան էլ համաձայն չեն ՄԱԿ-ի ներկայացրած թվի հետ, քանի որ իրենց երկրում վերջին հինգ տարիների ընթացքում կյանքի երկարությունը մեծացել է, որոշակիորեն ավելացել է ծնունդների թիվը, այնպես որ իրենց ազգային կանխատեսումներով՝ բնակչության քանակը կնվազի, սակայն չի հասնի 33 մլնի, այլ ընդամենը՝ 36,5 մլն կդառնա:
Նա նաեւ նկատեց, որ իրենց մոտ միգրացիոն սալդոն այնքան էլ մեծ չի, քանի որ, ճիշտ է, ուկրաինացիները լքում են երկիրը, սակայն այլ երկրներից էլ իրենց մոտ են ներգաղթում: «Ինչ վերաբերվում է ժողովրդագրական վիճակի ողբերգական բնույթին, ապա, այո, իրավիճակը բարդ է, սակայն, կարծում եմ, որ բնակչության որակն ավելի կարեւոր է, քան քանակը»:
«Առավոտի» հարցին, թե ինչ ի նկատի ունի, տիկին Կուրիլոն նշեց, որ ավանդաբար բնակչության որակը բարձրանում է առողջ եւ կրթված զանգվածների շնորհիվ, իսկ թե ինչպես անել, որ որակը բարձրանա՝ քանակի հաշվին, տիկին Կուրիլոն առաջարկեց կրթության որակի բարձրացման եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզի մեծացման ուղիները:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ