Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` նշելով որ բոլոր ծրագրերը հաջող ընթացքի մեջ են:
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է 2010թ. մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը վկայում է հիմնական հարցերի շուրջ Հայաստանի և Եվրամիության մոտեցումների ընդհանրության մասին:
Իր խոսքում Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում շրջադարձային կլինի, քանի որ գագաթնաժողովին ԵՄ-ն ցանկանում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և որ այդ համաձայնագրերը կարող են դառնալ քաղաքական ասոցացման, ինչպես նաև տնտեսական ինտեգրման իրական գործիք:
Կարդացեք նաև
Շտեֆան Ֆյուլեն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցել իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարևանության քաղաքականության փիլիսոփայությանը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը առնչվող հարցեր ևս:
Ազգային անվտանգության խորհուրդ