Այսօր «Տեսակետ» ակումբում ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խոսեց առաջիկա օրերի եղանակի տեսության մասին:
«Տարվա առումով կարելի է ասել հաջող տարի էր՝ մեղմ ձմեռով, միակ անբարենպաստ եղանակային պայմանը` կարկտահարության մեծ քանակությունն էր, բայց մնացած որոշակի վտանգավոր երեւույթների հետ համեմատ, դա լոկալ երեւույթ է, եւ հասցված վնասը հանրապետության մակարդակով մեծ չէ»,- նշեց տիկին Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է ամռանը, ապա ըստ նրա` ամենատեղումնային ամիսը մայիսն է եւ հոկտեմբերը: Իսկ ամենաչոր ամիսները` հուլիս, օգոստոս ամիսներն են:
Սեզոնային կանխատեսումների հետ կապված էլ Պետրոսյանն ասաց, որ ջերմաստիճանը նորմայի սահմաններում է լինելու եւ հուլիսին, եւ օգոստոսին, սեպտեմբերն էլ հովտային սահմաններում կմնա որպես ամառային ամիս:
Կարդացեք նաև
«Առաջիկա հինգ օրերի ընթացքում անկայուն եղանակ է սպասվում, հյուսիսային հատվածում չի բացառվում, որ որոշ շրջաններում լինի անձրեւ եւ կարկուտ: Հուլիսի 15- ին ջերմաստիճանը հնարավոր է 1-2 աստիճանով բարձրանա: Այս ամառը մեզ համար սովորական ամառ է, ջերմաստիճանի շատ բարձրացում չի կանխատեսվում: Իսկ մեր ամենաշոգ միջակայքը` հուլիսի կեսից օգոստոսի սկիզբն է»,- հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ