Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը բիզնեսմեն երկիր է»

Հուլիս 10,2013 14:35

Ըստ Արմեն Աղայանի՝ ՌԴ-ի տրամադրած երաշխիքը առավելագույնը կարող է լինել Գորիսի կամ Վարդենիսի պաշտպանությունը՝ Արցախը կորցնելուց հետո

«Բավականին բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող մեր երկիրը կարող է չդիմանալ լայնածավալ պատերազմին կամ սպառազինության մրցավազքին, վերանալ որպես պետականություն կամ պահպանվել ձեւականորեն»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքը, Հայաստանին եւս զենք տրամադրելու մասին խոսակցությունները եւ դրանց հետեւած հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված պայմանագրերը որքանո՞վ են իրական դարձնում նոր պատերազմական գործողությունների հավանականությունը՝ ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Անդրադառնալով ՀԱՊԿ անվտանգության գործադիր տնօրեն Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որ Ադրբեջանին զենք վաճառելը ՌԴ-ի համար ընդամենը բիզնես է, եւ ՌԴ ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Պատրուշեւի հայտարարությանը, որ անվտանգության առումով Հայաստանն անհանգստանալու առիթ չունի, մեր զրուցակիցն ասաց. «Այն, որ ժամանակակից ՌԴ-ն ընդամենը բիզնեսմեն երկիր է, այլ ոչ թե համաշխարհային առաքելության ձգտող կայսրություն, վաղուց է պարզ: Չնայած մեր հանրությունը շարունակում է հին պատկերացումներով առաջնորդվել Ռուսաստանի մասին»: Իրականում ռուսաստանյան քաղաքական վերնախավը ընդամենը ձեւացնում է, թե փորձում է վերականգնել կայսերական դիրքերը, սակայն, մեր զրուցակցի գնահատմամբ, դա սոսկ ներքին շուկային ուղղված քարոզչություն է, որի նպատակը սեփական հանրության աչքում հզոր պետության պատրանք ստեղծելն է եւ բնակչության լոյալությունն ապահովելը, իսկ այդ ընթացքում իրենք մի քիչ էլ կարող են թալանել հարուստ ընդերքը, գրպանել գազի, նավթի, ադամանդի, նաեւ զենքի վաճառքից ստացվող հասույթը:

«Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի տրամադրումը Հայաստանում քննարկվեց նաեւ ՌԴ-ի քայլն արդարացնելու ասպեկտով»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հիմնավորում է հնչում, թե Բաքվին զենքը թանկ է վաճառվում, ստացված գումարների հաշվին Մոսկվան զինում է նաեւ Հայաստանին: Դա հեռու չէ իրականությունից. «ՌԴ-ն, իսկապես, Հայաստանից շատ մեծ գումարներ չի կարող ստանալ զենքի դիմաց, թեեւ այլ տեսքով, այնուամենայնիվ, ստանում է: Իսկ ադրբեջանական նավթադոլարները ավելի գայթակղիչ են: Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու ցանկությունը եւ Հայաստանի հետ իր ռազմավարական գործակցությունն օգտագործելով՝ Մոսկվան, փաստորեն, Ադրբեջանին ստիպում է ավելի շատ գնումներ կատարել»: Արմեն Աղայանի համոզմամբ՝ Բաքուն դա մեծ հաճույքով է անում, քանի որ այս ամենում մի կարեւոր հանգամանք էլ կա. «Նախորդ պատերազմում պարտված Ադրբեջանը որոշ բարդույթներ էլ ունի. լեգենդ են հորինել, որ հայերը չէին կարող հաղթել եւ դա արել են միմիայն ռուսների շնորհիվ: Մենք գիտենք, որ դա այդպես չի: Ավելին՝ երբեմն ռուսները մեզ վրա են կրակել, մենք էլ՝ ռուսների, ինչն ադրբեջանցիները երբեք չեն արել: Մարտակերտի ու Շահումյանի գրավման ժամանակ ադրբեջանցիները օգտագործեցին խորհրդային բանակից ստացված տանկերը՝ վարձելով դրանց անձնակազմերին, նաեւ օդաչուների: Հայաստանի դեպքում այդ ամենը չկար: Ամենանշանակալի օժանդակությունը թերեւս հակաօդային պաշտպանության միջոցներն էին, որ անհրաժեշտ էին Բաքվի ստացած օդուժից պաշտպանվելու համար: Ծիծաղելի է, բայց Ադրբեջանում տիրապետող այս լեգենդի պատճառով նրանց նաեւ թվում է, որ եթե մի օր ՌԴ-ն Հայաստանից հետ կանգնի ու անգամ իրենց հետ գործակցի, ապա Հայաստանը բացարձակ անզոր կդառնա, եւ իրենք Արցախը վերագրավելու առիթ կստանան: Գուցե նաեւ դրանով է պայմանավորված հատկապես ՌԴ-ի հետ գործակցելու Ադրբեջանի մղումները, այլապես նույն զենքը կարող են այլ տեղերից էլ գնել»:

Արմեն Աղայանի կարծիքով՝ արեւմտյան երկրները զենք վաճառելու հարցում ավելի պատասխանատու են, հասկանում են, որ կողմերից մեկին զինելը դեռ չի նշանակում, որ ապագայում կկարողանան այդ կողմին վերահսկել: «Արեւմուտքն ավելի հաճույքով կմասնակցեր այս տարածաշրջանում խաղաղության ֆինանսավորմանը, խաղաղապահներով կփորձեր ամրագրել իր ներկայությունը, բայց ոչ պատերազմի էսկալացիային: Ռուսներին պատերազմի հեռանկարը եւ դրա հետ կապված ռիսկերը չեն վախեցնում, քանի որ կարճաժամկետ շահերով պետություն են, որը երկարաժամկետ տարածաշրջանային հավակնություններ չունի: Մեզանում շատերը դա նոր են գիտակցում, մինչդեռ դեռեւս 15-20 տարի առաջ կարելի էր տեսնել»: Այս համատեքստում անդրադառնալով Եվրասիական միության ձեւավորման նկրտումներին՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ դա մեծապետական հավակնություն չէ, այլ սոսկ շուկան ընդարձակելու քաղաքականություն:

Քաղաքական շրջանակներում տեսակետ կա, որ նոյեմբերին ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ հնարավոր՝ է ԼՂ-ում պատերազմի վտանգն ավելի իրական դառնա, մանավանդ, որ իրենց հայտարարություններում եւ արեւմտյան, եւ ռուս գործիչները, խոսելով Հայաստանի տարածքային անվտանգության մասին, երբեւէ չեն նշել, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս է: Արդյոք Ադրբեջանի ձեռքերն ավելի ազատ չե՞ն լինում: «Որ Արցախի պաշտպանությունը ՌԴ-ի դաշնակցային պարտականությունների մեջ չի մտնում՝ հայտնի հանգամանք է: Մոսկվան Արցախը Հայաստանի մաս չի համարում, հետեւաբար որեւէ պարտականություն չունի այդ առումով: Ցավոք, Երեւանն էլ Արցախը չի համարում ՀՀ անբաժան մաս, հետեւաբար ՌԴ-ին մեղադրելու ոչ մի բարոյական իրավունք չունենք: Փաստորեն Ռուսաստանի տրամադրած երաշխիքը առավելագույնը կարող է վերաբերել Արցախը կորցնելուց հետո Գորիսի կամ Վարդենիսի պաշտպանությանը»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ մնում է պատերազմի հավանականությանը, Արմեն Աղայանն ասում է, որ Արեւմուտքի համար, կարծես, պատերազմն այդքան էլ ընդունելի սցենար չէ. առաջին հերթին նավթամուղն է տուժելու, անկայունություն է լինելու՝ անկանխատեսելի զարգացումներով, որոնք հնարավոր է ավելի շատ ՌԴ-ին ձեռնտու լինեն, քան Արեւմուտքին: «Եվ եթե որեւէ գործողություն՝ լինի դա Ասոցացման համաձայնագիր կամ այլ բան, կարող է հանգեցնել պատերազմի, այն, ամենայն հավանականությամբ, չի կատարվի: Կամ հակառակը՝ եթե ՌԴ խնդիրը Ասոցացման համաձայնագիրը կանխելն է, ապա հնարավոր է համաձայնագիրը կնքվի հարցը փակելու հույսով: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ԵՄ-ն Հայաստանին դեռ շատ նախապայմաններ կառաջարկի, նախքան ավելի խորը ինտեգրացիան, եւ այդ նախապայմանների մեծ մասը Հայաստանը դժվար թե կարողանա բավարարել: Հետեւաբար Ասոցացման համաձայնագիրը գուցե չլինի, եւ իշխանությունների երազած «եւ-եւ»-ի փոխարեն կարող է ստացվել ոչ մեկը, ոչ մյուսը»,- ասում է մեր զրուցակիցը՝ սպասելով այն օրվան, երբ ՀՀ իշխանությունները բացահայտ կհայտարարեն, որ մեր ազգային անվտանգությունն ու անկախությունը շատ ավելի թանկ են, ու մենք չենք ցանկանում ինտեգրվել որեւէ համակարգի: Նա հույս ունի, որ մեր ներքին քաղաքական ճգնաժամը մոտ ժամանակներս կհանգեցնի ազգային նոր ընտրանու ձեւավորմանը, որը կունենա նման կեցվածք: Գործող իշխանություններով եւ ընդդիմությամբ Արմեն Աղայանը նման հանգուցալուծում չի ակնկալում: Կարծում է, որ ներկա իշխանությունն ու ձեւական ընդդիմությունը, իրենց ինտեգրացիոն ձգտումներով հանդերձ, պետք է միասին գնան պատմության աղբանոցը. «Հույս ունեմ, որ նոր գաղափարական ուղղվածությամբ ընտրանու ձեւավորումը շատ չի ուշանա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031