Հարցազրույց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ
Ըստ փոխարտգործնախարարի՝ Հայաստանի քաղաքականությունը միշտ էլ եղել եւ մնում է հայաստանամետ
– Պարոն Մնացականյան, Հայաստանի եւ իր գործընկերների հարաբերությունները բնութագրելու համար վերջին շրջանում հաճախ օգտագործում են «եւ-եւ», «կամ-կամ» շաղկապները: Որքանո՞վ է դա տեղին, վերջապես ո՞ւր է գնում Հայաստանը, եւ արդյոք այդ ճանապարհին անկե՞ղծ է իր գործընկերների հետ:
– Այս ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքականությունը եղել է ամբողջովին հայաստանամետ: Հայաստանը կառուցել է իր անվտանգության ու զարգացման համապարփակությունը՝ համագործակցելով իր գործընկերների հետ: Եվ մեր արտաքին քաղաքականության ամենակարեւոր գործոնը եղել եւ մնում է նույնը՝ կանխատեսելիություն եւ քաղաքականության վարման հստակ տրամաբանություն, որը հասանելի եւ հասկանալի է մեր գործընկերներին:
Այդ քաղաքականության իրականացման ճանապարհին մենք չենք կարող անկեղծ չլինել: Ոչ մենք ենք միամիտ, որ մի ուղղությամբ մի բան խոսենք, մյուս ուղղությամբ՝ մեկ այլ բան, ու ենթադրենք, որ մեր գործընկերների համար կարող է նման քայլն ընդունելի լինել, ոչ էլ մեր գործընկերներն են այդքան միամիտ, որ նման ձեւով երկխոսություն վարեն: Մեր հիմնական նպատակներից մեկն է՝ հասանելի դարձնել մեր քաղաքականության տրամաբանությունը եւ ընդունելի դարձնել այն, որովհետեւ մեր տրամաբանության մեջ քաղաքականության ձեւավորման եւ իրականացման մեջ ամբողջովին բացառված է հակասությունների խրախուսումը, հակասություններ թույլ տալը մեր տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ: Մեր մոտեցումը կայանում է նրանում, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը եւ ԱՊՀ տարածքում համագործակցության ձեւաչափերը իրարամերժ չեն, այլ իրական ցանկության դեպքում կարող են համատեղելի լինել:
– Նույնը վերաբերում է նաեւ Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականությա՞նը:
– Իհարկե: ՀՀ անկախությունից ի վեր՝ ԵՄ-ի հետ մերձեցումը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից: Այդ տարիների ընթացքում ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացմանը, տնտեսության զարգացմանը, պետական կառավարման հաստատությունների կայացմանն ու զարգացմանը: Մենք այսօր ունենք շատ էական, կարեւոր գործընթաց, որը Ասոցացման համաձայնագրի բանակցություններն են ԵՄ-ի հետ: Այդ համաձայնագիրը բանակցվել է բավական երկար ժամանակ եւ այժմ գտնվում է ավարտական փուլում:
Դրա հետ մեկտեղ մենք ունենք պայմանագրային քաղաքական հարաբերություններ տարբեր կառույցների շրջանակներում, եւ իրատեսական չէ՝ մի ուղղությունը մեկին, մեկ այլ ուղղությանը հակասելու վրա քաղաքականություն վարել: Ասոցացման համաձայնագրի մեջ չկա որեւէ տարր, եւ մենք չէինք կարող դա թույլ տալ, որը կարող է հակասություն ստեղծել մեր գործընկերության այլ ուղղություններով: Մենք աշխատել ենք գործընկերների հետ, որոնց համար հասկանալի է եղել այդ տրամաբանությունը: Մենք պնդել ենք, բացատրել ենք եւ գտել ենք ձեւակերպումներ, որոնք ներդաշնակեցնում են մեր գործընկերների հետ աշխատանքները՝ համապարփակ պահելու մեր ընդհանուր արտաքին քաղաքականությունը, իսկ դա բխում է առաջին հերթին Հայաստանի համապարփակ անվտանգության ու զարգացման նպատակներից:
– Երբ խոսվում է հնարավոր հակասությունների մասին, առաջին հերթին հիշվում է Ռուսաստանի գործոնը:
– Մեր քաղաքական, տնտեսական, պատմամշակութային եւ բազմաթիվ այլ կապերը Ռուսաստանի հետ ստեղծվել են տասնյակ տարիների, դարերի ընթացքում: Ռուսաստանն այս տարածաշրջանի անդամ է: Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագրերի հսկայական ծավալ՝ թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: Մեր գործընկերները՝ ԵՄ-ի ուղղությամբ, չեն կարող չճանաչել, օրինակ, ՀԱՊԿ-ի դերակատարությունը մեր անվտանգության հարցում, եւ մենք չենք ունեցել իրավիճակ, որ հարցականի տակ դնենք կամ էլ ինչ-որ ձեւով մարտահրավեր նետենք այս շրջանակներում մեր համագործակցությանը:
Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականության օրակարգը, մենք մինչեւ հիմա ցույց ենք տվել, որ շատ վստահելի եւ կանխատեսելի գործընկեր ենք տարածաշրջանում։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ: ԵՄ-ին անդամակցելու մասին երբեք չենք խոսել, որովհետեւ օրակարգում չկա այդ հարցը: Բացի այդ, մենք հաշվարկում ենք մեր շահերը, մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մեր վստահելիությունը՝ որպես գործընկեր: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնելը չենք դնում որպես հակասության մեջ մեկ այլ ուղղության հետ:
– Մեր գործընկերների համար ընկալելի՞ են, հասկանալի՞ են համագործակցության այն ծավալն ու չափը, որ մենք նախատեսում ենք իրականացնել մեր մյուս գործընկերների հետ:
– Սա մեր մշտական աշխատանքն է, հենց դա է մեր աշխատանքի իմաստը՝ մեր գործընկերների հետ ներգրավված լինել մշտական երկխոսության մեջ, որպեսզի բացատրենք մեր քաղաքականության տրամաբանությունը, լսենք մեր գործընկերների մեկնաբանությունը, վստահ լինենք, որ նրանց մոտ թյուրըմբռնում չի ստեղծվում, եւ եթե կա նման բան, ապա պետք է անդրադառնալ այդ խնդրին: Պետք է լուծել խնդիրը այնպես, որ մենք չունենանք «կամ-կամ»-ի իրավիճակ. սա արդեն կիրառական աշխատանք է:
– Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ գործընկերների հետ անկեղծ երկխոսությունը Հայաստանի ունեցած սակավ ռեսուրսներից մեկն է:
– Սա իսկապես ռեսուրս է, սա մեր հարաբերությունների կառուցման կարեւորագույն գործիքն է: Մեր անվտանգությունը համապարփակ է իր էությամբ, եւ այդ համապարփակությունն ապահովվում է նրանով, որ մենք ընկալելի ենք մեր գործընկերների համար, պարբերաբար խորհրդակցում ենք տարբեր ձեւաչափերում եւ մեր քաղաքականությունը կառուցում ենք թափանցիկ մթնոլորտում:
– Պարոն Մնացականյան, տեւական ժամանակ Հայաստանը հենց այդպես էլ վարվել է, եւ դրանց արդյունքները մեզ համար տեսանելի են եղել: Օրինակ՝ Արեւմուտք-Իրան սուր հակադրությունների պայմաններում, Ռուսաստան-Վրաստան բարդ հարաբերությունների պայմաններում մենք կարողացել ենք համագործակցել բոլոր կողմերի հետ եւ միաժամանակ ընկալելի լինել: Ինչո՞ւ է այսօր խոսվում «կամ-կամ»-ի մասին, երբ «եւ-եւ»-ի արդյունքները տեսանելի են:
– Ինձ թվում է, որ «կամ-կամ»-ի հարցում, եթե լինում են ընկալումների ինչ-որ խախտումներ, շտկելի են, իսկ երբ դա ներկայացվում է որպես այսօրվա հարաբերությունների հիմք, տեղին չէ, դրա հիմքերը գոյություն չունեն: Մեզ համար անհնար է «կամ-կամ» հարաբերություններ կառուցելը:
Եթե խոսքը ԵՄ-ի եւ Ռուսաստանի մասին է, նման հարցադրում իրականում չկա: ԵՄ-ն այսօր մեր կարեւորագույն առեւտրային գործընկերն է, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ մեր առաջին առեւտրային գործընկերը: Մենք խորապես ներգրավված ենք Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի շուկաներում, դրանք մեզ համար ծանոթ շուկաներ են, մենք աշխատում ենք այդ շուկաներում եւ, բնականաբար, չենք կարող անտեսել մեր տնտեսական շահերը այդ շուկաներում: Այն, ինչի շուրջ մենք բանակցում ենք ԵՄ-ի հետ, չի ստեղծելու եւ չպետք է ստեղծի մի իրավիճակ, որը կխարխլի մեր աշխատանքը ուրիշ շուկաներում:
– Եթե ամփոփենք ու բանաձեւենք, կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միանշանակ հայաստանակենտրոնն է, որն իրականացվում է բոլոր գործընկերների հետ անկեղծ երկխոսության միջոցով եւ ուղղված է առաջին հերթին հակասությունների բացառմանը:
– Հակասությունների բացառումը մեր կարեւորագույն խնդիրներից մեկն է: Նրբազգացությունը նման հարցերում՝ պահպանելու համապարփակությունը, հաջողվել է մեզ: Որեւէ բան չի փոխվել: Եթե մենք մեզ որեւէ քաղաքականություն թույլ տայինք, որտեղ մի ուղղությամբ մի բան անեինք, իսկ մյուս ուղղությամբ՝ մեկ այլ բան, այս տարբեր ոլորտներում մեր առաջընթացը երբեք հնարավոր չէր լինի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ