«Ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ դատարանն անկախ չի եղել, քանի որ Իրա Սարդարյանի հայցի բավարարման դեպքում շենքի բնակիչները կարող էին նույնանման փաստական հանգամանքների ուժով պահանջել իրենց բնակարանային հարցի լուծումը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Մարո Խաչատուրյանը, երբ մերժել էին իր վստահորդի՝ հայցվոր Իրա Սարդարյանի պահանջը:
Փաստաբանը Հայաստանի վարչական դատարանում ներկայացնում էր Սիսակյան 3 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Իրա Սարդարյանի հայցը: Դատական քննություններն ընթացան դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ:
Իրայի հայցը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման դեմ էր: Հայցվորը ցանկանում էր քաղաքապետարանի աջակցությամբ իրենց ընտանիքին տրամադրեին բնակարան՝ վթարային շենքից դուրս գալու պայմանով: Քաղաքապետարանը դիմումին պատասխանել էր. «Երեւան համայնքում առկա քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը ՀՀ կառավարության 25.02.2009թ.-ի Երեւան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին, հ. 172-Ն որոշման համաձայն՝ իրականացվում է պետական միջոցների հաշվին։ ՀՀ պետական բյուջեով 2010 թվականից հետո վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար գումարներ չեն տրամադրվել եւ Երեւանի քաղաքապետարանը պետական միջոցների հաշվին այդ նպատակով շինարարություն չի իրականացրել։ Սակայն նկատի ունենալով խնդրի հրատապ կարգավորման անհրաժեշտությունը, Երեւանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարություններին՝ առաջարկելով նաեւ իր ներդրումը խնդրի կարգավորման հարցում՝ համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման համար, սակայն առաջարկը չի իրագործվել»:
Սիսակյան փողոցի հանրակացարանային շենքը վթարային է համարվել դեռեւս 31.08.2007 թվականին: Շենքի բնակիչները եւ Իրան բազմիցս դիմել են քաղաքապետարան եւ վարչապետին՝ առկա խնդրի կարգավորման խնդրանքով, սակայն հարցին պատասխանել են, թե բազմաբնակարան հանրակացարանային շենքն ընդգրկվել է ՀՀ 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտի նախագծում։
Փաստորեն, շենքը, որն այլեւս ապրելու համար պիտանի չէ եւ դեռ չենք խոսում այն մասին, որ հենց Իրայի բնակարանի պատից մի հատված արդեն իսկ հասցրել է մեկ անգամ փլվել, դեռ 2 տարի էլ պետք է բնակիչները սպասեն եւ այդ ժամանակ հարց է, թե ով այդտեղից ողջ դուրս կգա, որպեսզի նոր բնակարանատեր լինի: Այդ ամենի հետեւանքով էլ Իրան որոշել էր դիմել դատարան, քանի որ նա գիտակցում էր, որ կարող էր նաեւ քաղաքապետարանի աջակցությամբ ձեռք բերել բնակարան եւ դուրս գալ վթարային շենքից: Դատարանը, մերժելով Իրայի հայցը, վճռում գրել էր, որ քաղաքապետարանը նրա բնակարան ձեռք բերելու մասին դիմումին պատասխանել է ոչ թե մերժելով, այլ հետաձգելով բնակարանի հատկացման ժամկետը:
Պատասխանող կողմ Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին շեշտել է, որ Իրան չպետք է դատարան հայց ներկայացներ պահանջով, որպեսզի դատարանը պարտավորեցնի քաղաքապետարանին կայացնել բարենպաստ վարչական ակտ: Քաղաքապետարանը դա մեկնաբանել էր նրանով, որ Իրային չեն մերժել եւ աշխատանքները կկատարվեն վերոնշյալ 2013-2015թթ. ընկած ժամանակահատվածում: «Երեւանի քաղաքապետարանը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմին, իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնցով լիազորված է օրենքով: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով դիմումը ստանալու պահից կարող է մերժել վարչական ակտի ընդունումը կամ ընդունել վարչական ակտը: Հետաձգման լիազորություն Երեւանի քաղաքապետարանը չունի,- հավելեց փաստաբան Մարո Խաչատուրյանը, ապա շարունակեց,-ֆինանսների նախարարությունն իր պատասխանով ընդգծել է, որ թիվ 172 Ն որոշումը կարգավորում է վթարային հանրակացարանային շենքերի հարաբերությունները, իսկ իմ կողմից վկայակոչած 130 որոշումը՝ բնակելի տների: Սակայն հանրակացարանային շենքերը մտնում են բնակելի տների մեջ, դրանք հարաբերակցվում են ինչպես ամբողջը եւ մասը: Բացի այդ, թիվ 172 Ն որոշումն ընդունվել է 2009-ին: Հարց է ծագում, ապա ո՞ր որոշմամբ են կարգավորվել քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցերը»: Այդ ու այդօրինակ հարցերի պատասխանները փաստաբանը կփորձի բարձրացնել Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ պատրաստվում է բողոքարկել իր վստահորդ Իրա Սարդարյանի բողոքը:
Այն, որ Իրա Սարդարյանը հայցադիմումի պահանջում անդրադարձել էր նաեւ որդու՝ Խորեն Բայանդուրյանի հիվանդությանը եւ նշել, որ նա 1995 թվականից հիվանդ է, երկու անգամ վիրահատություն է տարել, իսկ հանրակացարանային շենքի պայմանները կարող են իրենց խոնավությամբ նպաստել կրկին վիրահատություն անելու, նույնիսկ այդ դեպքում դատարանը մերժել է հայցը եւ Իրա Սարդարյանն այլ ելք չունենալով՝ առայժմ ստիպված է ընտանիքով, որն, ի դեպ, բազմաշունչ է, բնակվել վթարային շենքում:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ