Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քաղաքական գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի վերջին մահափորձի գործով մեղադրյալներ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատավոր Գագիկ Պողոսյանի նախազգուշացմանն է մի քանի անգամ արժանացել նախկինում դատված Խաչատուր Պողոսյանը: Նա, ով փորձում է «հերոսի» նման իրեն պահել, վիրավորական, անհարգալից տոնով հոխորտալով իրենց միջնորդությունները մերժելու կապակցությամբ:
Այս ամբաստանյալը դատարանում հայտնեց, որ ինքն է հետեւել Պարույր Հայրիկյանին, նախապատրաստվել նրան «վախցնելուն», կրակել է նրա վրա, տեսնելով «ղժժոցը դրել է»՝ կրակել է երկրորդ անգամ, որ աղմուկ չբարձրացնի: Այս ամբաստանյալը նաեւ հայտնեց, թե եղել է, երբ մի քանի հարցեր է լուծել Վարդան Սեդրակյանի օգտին. «Վարդանն արդեն հարստացել էր, ուներ փող, բայց շրջապատի առումով խեղճ էր: Եղել են մի քանի դեպքեր, երբ իր Քանաքեռի տան հարեւանների հետ վեճ էր եղել՝ տան պատի հետ կապված: Իրենց տան հարեւան Արան մոյկա ուներ, նեղացրել էր Վարդանին, նեղություն էր տալիս հարեւաններին: Ես օգտագործելով թաղում ունեցած իմ հեղինակությունը, որ շատերն ինձ թաղում հարգում են, միջամտեցի այդ հարցում եւ նրան էլ նեղություն չտվեցին: Դեպք է եղել, երբ նրա քրոջ ամուսնուն, որին Փարաքարի տարածքում նեղություն էին տալիս, էլի դիմեց մեզ, մենք խառնվեցինք, ես եւ Սամվելը, վերջինս իր ընկերների հետ հարթեցրեց: Եղել է, երբ ես,Սամվելը խառնվել ենք, մեր ընկերների միջոցով հարցերը լուծել ենք Վարդան Սեդրակյանի օգտին»:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում շեշտվում է, թե Խ.Պողոսյանը նախկինում դատապարտվել է թմրանյութի հետ կապված գործով: Մինչդեռ, թիվ 09116508 քրեական գործով այս ամբաստանյալն «անցել» է «Ալեքստա» խանութից գողություն կատարելու համար:
Կարդացեք նաև
Արայիկ Ավետիսյանի հաղորդման հիման վրա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Տիգրան Մելիքսեթյանի, Լաերտ Սարգսյանի եւ Խաչատուր Պողոսյանի նկատմամբ:
2008թ. հոկտեմբերի 22-ին ամբաստանյալները գնացել են Ֆանարջյան փողոցի վրա գտնվող Խաչատուրենց տուն: Վերջինի մեքենայով՝«ՎԱԶ 2121» կանգ են առել նշյալ խանութի տարածքում:
Ամբաստանյալները կոտրել էի խանութի ճաղավանդակը, մուտք էին գործել խանութ, հափշտակել 242 280 դրամի ծխախոտ, 126 250 դրամի հյութեր եւ սննդամթերք, 152 750 դրամի խմիչք, 72 000 կանխիկ գումար, հեռախոս, ընդհանուր առմամբ, խանութի տիրոջը պատճառելով 719 200 դրամի նյութական վնաս:
Քրեական գործում որեւէ տող չկա նրա թմրանյութ օգտագործելու, նրա կողմից շրջանառության մեջ դնելու մասին:
Ի դեպ, Խ. Պողոսյանի նկատմամբ 2009թ. հուլիսի 9-ին կիրառվել է համաներում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ