Ճանաչված իրավաբան, փաստաբան Ռոբերտ Պողոսյանը օրեր առաջ ընթերցողի դատին է հանձնել իր «Հուշամատյան-2» փաստավավերագրական գիրքը: Մինչ այդ լույս էր տեսել նրա «Մատյան հիշողություններ» եւ «Դիլիջանյան խճանկար» գրքերը:
Իրավաբան հեղինակի «Հուշամատյանը» բաղկացած է երեք գլուխներից: Առաջին գլխում պատմական ակնարկ է իր ծննդավայր Դիլիջանի, ծնողների մասին, երկրորդ գլխում՝ ուսանողական տարիներն են, որոնք լրացվում են անվանի դասախոսների մասին անկեղծ ակնարկներով՝ Գրիգոր Չուբարի, Աղասի Եսայանի, Սմբատ Հովհաննիսյանի, Ռուբեն Գուլքանյանի, Արտավազդ Գեւորգյանի, առանձին բաժնում ներկայացված է փաստաբանական գործունեությունը:
«1996թ. սահմանադրական լիազորությունների ժամկետը լրանալու հիմքով իմ ժողդատավորի պարտականությունները դադարեցվելուց հետո մտա փաստաբանական գործունեության ասպարեզ եւ ցայսօր շուրջ 17 տարի իրականացնում եմ փաստաբանական գործունեություն: Տեղեկության կարգով նշեմ, որ 2001-2006թթ. հատուկ արտոնագրի, իսկ 2007-2009թթ. հավատարմագրի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրակացնելիս բերածս բողոքներից, ըստ էության, քննվել են շուրջ 200-ը: Ընդսմին, ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների կողմից ըստ էության քննված վճռաբեկ բողոքներից բավարարվել է ոչ պակաս 85 տոկոսը, ինչը վկայում է, որ բերված վճռաբեկ բողոքները իրավաբանական տեսակետից եղել են որակյալ, օրինական, հիմնավորված: Խնդրում եմ, ընթերցող, այս խոսքերն անձս թմբկահարելու միջոց չհամարես, քավ լիցի, ես բնավորությամբ հեռու եմ այդ մտայնությունից»,- գրում է Ռ. Պողոսյանը:
Հեղինակի գրքի երրորդ գլխում «հումորային դրվագներ եւ երկխոսություններ դատարանից» խորագրի ներքո մանրապատումներն են, մեծ մտածողների ասույթները՝ իրավունքի, օրենքի, արդարադատության մասին:
Ռոբերտ Պողոսյանի ոճը մտերիմ է, պարզ, շարադրանքը՝ հյութեղ:
Իսկ «Եղելություններ» խորագրի ներքո…անհավանական պատմություններ են:
«Իր շատակերությամբ ինչպես Դիլիջանի վարչական տարածքում, այնպես էլ նրանից դուրս հայտնի էր դարձել քաղխորհրդի գործկոմի ներքին գործերի բաժնի պետ Սրաֆիլ Բաբինյանը:…Նրա պատմելով, տասներկումատյա աղիի իր խոցը փակել էր ինքնաբուժմամբ՝ հաճախակի խոզի ճարպոտ խորոված ուտելու արդյունքում»,- գրում է հեղինակը, որը նաեւ հիշում է, թե ինչպես է Սրաֆիլ Բաբինյանը իր վարորդին ստիպել արագ քշել, ասելով. «գելխեղդ գամփռը» կողքդ նստած, դու «քութիկից» վախենում ես»՝ նկատի ունենալով պետավտոտեսուչին:
«Գյուղացու ձին ընկել էր հարեւանի բոստանը եւ պատճառել նյութական վնաս: Այդ առթիվ կողմերի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ տուժած կողմը հոխորտացել էր. էնպես չանես, որ ձիուդ նալերը հանեմ, ձիդ մնա ձի»,- գրել էր հեղինակը դատարանների հումորային դրվագներում:
Ռ. Պողոսյանի շատ հումորային պատմություններ, որոնք տեղ են գտել գրքում, թեւավոր պատմություններ են դարձել: Ահա դրանցից մեկը. «Համզաչիմանցի մի կիսագրագետ գյուղացի դատարանում որպես տուժողի ներկայացուցիչ գործին մասնակցող դատախազի հասցեին ասում է.
-Որից առաջ ստորակետ դնել գիտի, կարծում է՝ գրագետ մարդ է»:
Բազմավաստակ իրավաբան Ռոբերտ Պողոսյանը 29 տարի անընդմեջ ընտրվել է Դիլիջան քաղաքի ժողդատարանի դատավոր, դատարանի նախագահ:
Նա Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքի պատվավոր քաղաքացի է, ներկայիս լավագույն փաստաբաններից մեկն է:
«Առավոտ» օրաթերթ