Գազի գնի թանկացման հետևանքով արդեն թանկացել է տաքսիների ուղեվարձը և խոսակցություններ կան, որ կթանկանա նաև երթուղային տրանսպորտը: Այս առիթով կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ հայտարարեց, թե տրանսպորտի նոր գները պարզ կլինեն մի քանի օրից:
Aravot.am-ը Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում հետաքրքրվեց` սոցիալական պայթյունի վտանգ տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց. «Չէի ցանկանա, որ սոցիալական պայթյուն լիներ: Դրա համար կառավարությունը պիտի ընդառաջ քայլեր կատարի, և այն եկամուտները, որ ստացվելու են գազի սակագնի ավելացումից բյուջեում, այդ մուտքերը պիտի ուղղվեն որոշակի դոտացիաների և սուբսիդիաների համար, որպեսզի տրանսպորտի գինը չբարձրանա: Հիմնականում պիտի կառավարությունը լուրջ քայլեր կատարի Երևանի ՋԷԿ-ի երկրորդ հերթի կառուցման համար, և կկարողանանք երկրորդ էներգաբլոկը կառուցելուց հետո ավելացնել բաշխիչ ցանցեր մատակարարվող էժան էլեկտրաէներգիայի չափաքանակը»:
Հետաքրքրվեցինք` Ձեր ուսումնասիրությունները ի՞նչ են ցույց տալիս` ցանկության դեպքում կառավարությունը կարո՞ղ է զսպել գոնե տրանսպորտի գնի թանկացումը: Վ. Սաֆարյանը պատասխանեց. «Երկու ճանապարհ կա. բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Պետությունը հնարավորինս պիտի կարողանա սուբսիդավորել գազի գնի բարձրացման արդյունքում առաջացած ավելացված մուտքերը և սուբսիդավորել այն ոլորտները, որտեղ սոցիալական լարվածությունը կարող է մեծանալ. օրինակ` տրանսպորտ, հացի արտադրություն և մյուս պարենային ապրանքներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ