Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հին շենքի անհարմարությունների եւ նոր կրկեսի տեսլականի մասին
Ճարտարապետներ Վարդանյանի եւ Բելուբեկյանի նախագծով 1962թ. կառուցված Երեւանի կրկեսի շենքը «իր երգը երգել» էր: Հաստատվեց ճարտարապետ Վահագն Վերմիշյանի նոր կրկեսի շենքի կառուցման նախագիծը եւ հայտարարվում էր, թե աշխատանքները կավարտվեն 2013թ. վերջին: Մի կողմից շուրջ մեկ տարի է՝ զրկված ենք կրկեսային դիտարժան համարներ վայելելու հաճույքից, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ աշխատանքները դանդաղ են ընթանում՝ 2012թ. աշնանը հին շենքի պայթեցումից հետո ընդամենը փորվել է հիմքը:
Այս փաստերին ի պատասխան՝ «Առավոտի» հետ զրույցում Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, 11 միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը նշեց, որ նախ որոշված էր պայթեցնել կրկեսի գմբեթը, այնուհետեւ որոշում ընդունվեց պայթեցնել ամբողջ շենքը: Նոր նախագիծն արդեն կա եւ սկսվել է շինարարությունը: Հավելեց նաեւ, որ նախնական նախագծով որոշված էր, որ կրկեսի շենքի ճակատամասը նույնությամբ թողնվեր, սակայն դա թույլ չէր տալիս, որ կրկեսն ունենար ավտոկայանատեղի: Ասածը մանրամասնելով՝ պարոն Պետրոսյանը նշեց. «Սեանսներից առաջ ոստիկաններն ընկած Պետրոսյան էին ման գալիս, քանի որ ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության մարզերից տարբեր փոխադրամիջոցներով եկած հանդիսատեսներն ավտոմեքենաները կայանում էին կրկեսի հարակից տարածքում, ինչը չէր թույլատրվում: Ես էլ ծրագրին հետեւելու փոխարեն՝ բանակցություններ էի վարում ոստիկանների հետ: 2014թ.՝ շենքի շահագործումից հետո մեր կրկեսը կունենա ոչ միայն երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի, այլ 6 մետրով կբարձրանա՝ նախկին 24-ի համեմատ, 1563 հանդիսատեսի փոխարեն կընդունենք 2050: Իսկ որ ամենակարեւորն է՝ կրկեսը կունենա 3 մանեժ՝ իջնող ու անհետացող: Օրինակ, եթե իրար հետեւից ուզում ենք ներկայացնել համար սառույցի վրա, այնուհետեւ՝ ջրի մեջ, հետո՝ արենայում լինեն կենդանիներ, դրա հնարավորությունը չունեինք: Եվ որպեսզի ինչ-որ համարից հետո կենդանիներին արենա հանեինք, հարկավոր էր մոտ 40 րոպե ժամանակ: Նոր շենքի դեպքում կունենանք զարգացած երկրների օրինակով կրկեսի մոդեռն շենք, բնականաբար՝ լուսատեխնիկական եւ այլնի հագեցվածությամբ: Հանդիսատեսը իրավացիորեն բողոքում էր կրկեսում առկա ոչ հաճելի հոտից: Կենդանիների համար նախատեսված են կացարաններ դրսում: Իհարկե, կլինի նաեւ բարձր կարգի հյուրանոցային համալիր՝ դերասանների համար»:
Պարոն Պետրոսյանը հիշեց, որ երբ 1970թ. Լեոնիդ Ենգիբարյանի հրավերով Մոսկվայի հայկական կրկեսային կոլեկտիվի հետ առաջին անգամ հյուրախաղերի է մեկնել Բաքու, այդ ժամանակ արդեն տեղի կրկեսն ուներ 3 մանեժ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞վ են այսօր զբաղված արտիստները, մեր զրուցակիցը հայտնեց, որ օրերս են վերադարձել Արցախից. «Կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ 2 մեծ ծրագրով, որտեղ ընդգրկված էին բազմաժանր կրկեսային համարներ (էկվիլիբրիսներ, ծաղրածուներ, ակրոբատներ, իլյուզիոնիստներ եւ այլն) հանդես ենք եկել նախ արցախյան համարյա բոլոր զորամասերում, ապա տարբեր բնակավայրերում: Մինչ Արցախ մեկնելն էլ եղել ենք Տավուշի մարզի զորամասերում: Այս ծրագիրն իրականացրել ենք պաշտպանության նախարարության հետ համատեղ»: Հետաքրքրությանը՝ իսկ որտե՞ղ են կրկեսի կենդանիները, արվեստագետը հիշեցրեց, որ կրկեսի արտիստը պայմանագրային աշխատող է եւ չի կարող նստել ու սպասել. «Այսօր մոտ 200 արտիստներ հանդես են գալիս ռուսաստանյան եւ եվրոպական տարբեր կրկեսներում: Այս պահին 12 արտիստ ունենք: Կարճ ասած, հայ հանդիսատեսը իր նախընտրած արտիստին կարող է նրա ողջ կարիերայի ընթացքում հանդիպել ընդամենը մի քանի անգամ: Օրինակ՝ Ենգիբարյանը ընդամենը երկու անգամ է հյուրախաղերով հանդես եկել Երեւանում: Ի դեպ, այսօրվանից պատրաստվում ենք հանրահայտ հայ ծաղրածուի 80-ամյակը մեծ շուքով նշել ողջ 2015 թվականի ընթացքում՝ երեւանյան կրկեսային միջազգային փառատոնով, ուր կհյուրընկալենք օտարերկրյա կրկեսային խմբեր»: Ինչ վերաբերում է կենդանիներին, մեր զրուցակիցը նկատեց. «Կրկեսը գազանանոց չէ, կենդանիներն էլ, այդ թվում՝ գիշատիչ եւ ընտանի, մեր արտիստների հետ այս պահին հյուրախաղերի են»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ