Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելու ու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ մշակելու համար:
Ողջունելով հյուրերին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ԱԱԽ աշխատակազմի և FRONTEX-ի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրով սահմանված համագործակցությունը զարգանում է դրական տեմպերով: Շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական և տեխնիկական աջակցության հարցերով:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց FRONTEX-ի հետ համագործակցությունը, որը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կլաուդիո Կավրեչիչը վստահեցրեց, որ կանի հնարավորը աջակցելու ձևավորված համագործակցության զարգացմանը:
Կարդացեք նաև
FRONTEX-ի Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավարը առաջարկություն ներկայացրեց` «Զվարթնոց» օդանավակայանի Սահմանապահ ծառայության աշխատակիցների համար կազմակերպել և անցկացնել վերապատրաստման կուրսեր և փորձի փոխանակում:
Արթուր Բաղդասարյանը ողջունեց ներկայացված առաջարկությունը և իր աջակցությունը հայտնեց ծրագրի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության այլ ուղղություններ ևս:
Ազգային անվտանգության խորհուրդ