Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուս Սփրինգստինը ձայնագրվում է Թոմ Մորելոյի հետ

Հուլիս 10,2013 14:05

Բրյուս Սփրինգստինն արդեն սկսել է աշխատել անցած տարի լույս տեսած Wrecking Ball ձայնասկավառակին հաջորդող ալբոմի վրա:

Ի դեպ, ավելի վաղ լեգենդար երաժիշտն աշխատել է Rage Agaisnt The Machine-ի կիթառահար Թոմ Մորելոյի եւ իր E Street Band խմբի մնացած երաժիշտների հետ Սիդնեյի ստուդիաներից մեկում:  Հունիսին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Սփրինգստինն ասել է. «Մենք մեր կյանքում երբեւէ ստուդիայում ձայնագրություն չէինք արել շրջագայության ընթացքում: Մենք մի քանի գործ արեցինք, որ ես ցանկանում էի ձայնագրել: Այնպես որ, դա բավականին ոգեւորիչ էր: Եվ Թոմի հետ այնտեղ լինելը նույնպես հրաշալի  էր: Խումբը` Սթիվենը, Նիլսը, բոլոր տղաներն  ինձ համար շարունակում են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ»:

Թոմ Մորելոն փոխարինում էր E Street Band-ի կիթառահար Սթիվեն Վաբ Զանդտին՝ խմբի վերջին  ավստրալական շրջագայության ժամանակ եւ բացի այդ, աշխատել է Բրյուս Սփրինգստինի Wrecking Ball ձայնասկավառակի վրա: Սփրինգստինը նաեւ ավելացրել է, որ «շատ գոհ» է իր նոր երաժշտական նյութից: «Ես գործեր ունեմ, որոնց վրա հիմա աշխատում եմ, եւ շատ գոհ եմ դրանցից: Չէի ցանկանա ասել, որովհետեւ չեմ սիրում սխալվել, սակայն ես մեծ քանակությամբ նյութ ունեմ: Ես դեռ այն զգացումն ունեմ, թե ջրհորի մեջտեղում եմ», – խոստովանել է երաժիշտը:

«Ես միշտ ասել եմ` վերջին տասնամյակների ընթացքում կցանկանայի ավելի շատ ձայնագրություններ անել եւ դա արեցի», – ասել է Սփրինգստինը` նկատի ունենալով վերջին տարիների իր արդյունավետ աշխատանքը` 6 ալբոմ 2002-ին թողարկված The Rising ալբոմից հետո: «Ես պայքարել եմ 90-ականների ընթացքում: Մենք միասին չէինք նվագում,- շարունակել է նա` իր E Street Band-ի մասին խոսելով, – ես չգիտեի, թե ինչպես ենք մենք հնչում ձայնագրության մեջ: Բրենդան Օ՚Բրայանը (ով եղել է The Rising-ի, 2007-ի Magic-ի եւ 2009-ի Working on a Dream-ի պրոդյուսերը) տվեց մեզ այդ պարգեւը: Դա վերածնեց մեզ, եւ ինձ թվում է՝ ոգեշնչեց ինձ` գրելու ավելի շատ երգեր: Իհարկե, դա մի տասնամյակ էր, երբ ահռելի քանակությամբ երեւույթներ էին տեղի ունենում Միացյալ Նահանգներում եւ ամենուրեք»:

Այնուամենայնիվ, Սփրինգստինը հրաժարվեց բացահայտել այլ մանրամասներ նոր ալբոմի կամ դրա համար գրվող երգերի վերաբերյալ: Բայց նա համոզված է, որ E Street Band-ի հետ մեկ տարի տեւած շրջագայության արդյունքում ստացած խթանիչ ուժն իր ազդեցությունը կունենա իր հաջորդ աշխատանքի վրա: «Շրջագայությունն ավարտելուց մեկ կամ երկու շաբաթ ես ստուդիայում աշխատելիս կլինեմ, դեմո ձայնագրություններ կանեմ: Դու դադարում ես ելույթ ունենալուց մի որոշ ժամանակով, քանի որ լարվածության այդ աստիճանը… Քեզ ուղղակի դադար է հարկավոր: Բայց սա հիանալի, անհավատալիորեն արդյունավետ ժամանակահատված էր մեզ համար: Սա լավագույն տասը, տասներկու տարիներն են, որ մենք ունեցել ենք», – ասել է Սփրինգստինը:

Թոմ Մորելոն հանդես եկավ E Street Band-ի կազմում Wrecking Ball շրջագայության ավստրալական համերգաշրջանի ընթացքում, մինչեւ կիթառահար Սթիվ Վան Զանդտը կավարտեր Lilyhammer հեռուստանախագծում նկարահանվելը: Մորելոյի համար սա Բրյուս Սփրինգստինի հետ առաջին համագործակցությունը չէր: Rage Against the Machine-ի նախկին կիթառահարը նվագել է Wrecking Ball ալբոմի մի քանի երգերում (Jack of All Trades, This Depression) եւ մի քանի տարբեր առիթներով նվագել է Սփրինգստինի եւ E Street Band-ի հետ միասին. մասնավորապես՝ Late Night With Jimmy Fallon հեռուստաշոուի եւ «Ռոք-ն-ռոլի փառքի սրահի» 2010-ի արարողության ժամանակ:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031